Քաղաքականություն

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Շառլ Միշելի հայտարարությունը հիմնականում հումանիտար հարցերի մասին է։

«Մարդասիրական բաժինը, ըստ հայտարարության, ունի վճռորոշ նշանակություն հարցերի լուծման գործընթացում։ Այստեղ հավասարության նշան է դրվում երկու կողմերի մարդասիրական բնույթի քայլերի միջև՝ ականապատված քարտեզների դիմաց ռազմագերիների ազատ արձակում։ Բոլոր գերիներին ազատ արձակելու կոչը միանշանակ ուղղված է կողմերից մեկին. պարզ է, որ հայկական կողմը ադրբեջանցի ռազմագերի չունի եւ այստեղ վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն։ Սակայն, չնայած այս ամենին, ակնկալիքները երկկողմանի են։ «Կողմերը մարդասիրական ժեստեր պետք է անեն, որոնք կնպաստեն վստահության ամրապնդմանը։ Պարզ է Միշելի ակնարկը. քարտեզ՝ ռազմագերու դիմաց»,- ասաց Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ՝ անորոշ է «հակամարտությունից տուժած բնակչության վերականգնում» բանաձեւի իրականացումը։ «Մտաբերում եմ նոյեմբերի9-ի հայտարարության7-րդ կետը, այն է՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարիվերահսկողության ներքո»։Բնականաբար, չեն ճշտվել տուժածների վերականգնման ծրագրի մանրամասները՝ եղանակ, ժամկետ, միջոցներ։ Շառլ Միշելի խոսքով վճռորոշ նշանակություն ունի մարդասիրական գործողությունների իրականացումը։ Թերեւս, շեշտադրումը, նոյեմբերի 9-ի հայտարարության8-րդ կետի իրականացմանն է վերաբերվում՝«իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում»»,- նշեց նա:

Գանտահարյանը հավելեց, որ այս գործընթացներին զուգահեռ ԱՄՆ վարչակազմը ողջունում է Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսություն սկսելու համար ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները:

«Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի դերերի տեղաբաշխման քայլեր են նկատվում. ԱՄՆ-ը կզբաղվի Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորմամբ, Եվրոպան՝ մարդասիրական աշխատանքներով, իսկ Մոսկվան սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերով»,- եզրափակեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում