Հասարակական

Արարողությունն անենք արժանի ձևով. Վահագն Խաչատուրյանը Վանո Սիրադեղյանի հուղարկավորության մասին

2 րոպեի ընթերցում

Արարողությունն անենք արժանի ձևով. Վահագն Խաչատուրյանը Վանո Սիրադեղյանի հուղարկավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաև ընդգրկված է Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովում, մանրամասներ ներկայացրեց Վանո Սիրադեղյանի աճյունի տեղափոխման մասին:

«Դեկտեմբերի 3-ին և 4-ին տեղի կունենա հոգեհանգիստը և հուղարկավորությունը: Թե կոնկրետ ո՞ր օրը աճյունը կտեղափոխվի Հայաստան, կդժվարանամ ասել, որովհետև աշխատանքներն ընթացքի մեջ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Վահագն Խաչատուրյանը:

Ինչ վերաբերում է հուղարկավորության վայրին, ապա նախարարը նշեց, որ քննարկումներ եղել են, ընտանիքի համաձայնություն կա, որևէ առարկություն չկա Կոթիում հուղարկավորելու հետ կապված: Լրագրողների այն հարցին, թե ինչու Վանո Սիրադեղյանը չի հուղարկավորվում Պանթեոնում, Վահագն Խաչատուրյանը նշեց, որ որոշ հանգամանքներ քննարկել են, դրանք հաշվի առնելով էլ որոշում է կայացվել:

«Մենք հիմա հավուր պատշաճի պետք է կարողանանք կազմակերպել ու անցկացնել այդ արարողությունը: Իմ խնդրանքն այն է, որ միասին կարողանանք այդ արարողությունն անել արժանի ձևով: Կառավարական հանձնաժողովն ամեն ինչ անելու է, որևէ խնդիր չկա»,- ասաց Վահագն Խաչատուրյանը:

Հոկտեմբերի 16-ին 75 տարեկանում մահացել է ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Վերջինիս որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին:

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում