Քաղաքականություն

Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ երկրի դեմ օգտագործի: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց առցանց ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, և մեր խնդիրն է, բոլոր միջազգային լծակները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Մեծ հաշվով վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվել, իսկ պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել, և մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարություններին, թե «վերադարձել են Զանգեզուր», «Զանգեզուրը իրենցն է», «Հայաստանը իրենցն է»՝ Փաշինյանը նշեց, որ այդ ամենը նմանվում է միջազգային խուլիգանության: «Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների: Եվ մենք պետք է ի ցույց դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի, ինքնիշխանության, պետականության անկախության և ժողովրդավարության: Ժողովրդավարության գագաթնաժողովին ես սա եմ ի ցույց դնելու, որ տարածաշրջանում կան ուժեր՝ ի դեմս Ադրբեջանի, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների: Միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ նաև սա է պատճառը, որ Հայաստանը գնացել է Հաագայի դատարան, և այնտեղ բավական հաջող ներկայացվել է հայցն ընդդեմ Ադրբեջանի: Հիմա սպասում ենք դատարանի նախնական որոշմանը: Շատ կարևոր է այս դատական գործընթացը, որը կարող է հակամարտության կարգավորման առումով նոր հենք ստեղծել Հայաստանի և Արցախի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում