Երևանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» գագաթնաժողովը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև:

«Տեխնոլոգիան ստեղծելը բավարար չէ, շատ կարևոր է դրանք որդեգրելը և արագ մեր օգտին գործածելը: Ներկաների մեջ ունենք մարդիկ, որոնք ստեղծում են տեխնոլոգիաներ, և մարդիկ ու մեր հանրությունը ընդհանրապես, որը որդեգրում է այդ տեխնոլոգիաները: Մանավանդ Քովիդից հետո ամեն մարդ տեխնոլոգիաների լավագույն որդեգրողն է դարձել: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է բաց միտք ունենալը և տեխնոլոգիայի հարմարվողականությունը նոր վիճակներին, նոր փոփոխություններին: Աշխարհը արագ փոփոխությունների մեջ է: Երկու տարի առաջ, երբ նույն դահլիճում նույն համաժողովն էինք անցկացնում նույն մարդկանցով, տարբեր պայմանների մեջ էինք: Այսօր՝ երկու տարի անց, շատ բան փոխվել է: Ամեն մի փոփոխության մեջ հաջողության տեղ կա: Այդ փոփոխությունները մենք պետք է ընդունենք որպես մարտահրավեր, բայց հաջողության վերածենք», - մեկնաբանեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը:

Գագաթնաժողովի «Սիլիկոնային սարեր» անվանումը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի խոսքով, շատ պարտավորեցնող է: Նախարարը համոզված է, որ իր սարերով հայտնի Հայաստանը հետ չի մնալու «Սիլիկոնյան հովտից»:

ԲՏԱ նախարարը նկատեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից նմանատիպ կարևոր միջոցառումներ են կազմակերպում՝ երկրում ձևավորելով շատ յուրօրինակ միջավայր:

Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ Հայաստանը արդեն ապրում է այդ նոր միջավայրում՝ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում:

«Մենք դրա մեջ ենք: Միգուցե շատերս չենք գիտակցում: Միգուցե մտածում ենք՝ այդ ժամանակաշրջանը դեռ պետք է գա: Բայց իրականում մենք այդ դարաշրջանի մեջ ենք և այդ փոփոխությունները մեր առօրյայում զգում ենք: Վերջին 20 տարվա փոփոխությունները բերել են նրան, որ մենք հիմա ավելի ենք գնահատում այն, ինչի մասին վաղուց խոսում էինք: Նկատի ունեմ մեր գիտելիքը, մեր հնարավորությունը, մեր տաղանդը, որը այլ ուղղությամբ էր օգտագործվում տարիներ շարունակ, հիմնականում միտված էր սպառողական հասարակություն ստեղծելուն և ոչ թե ստեղծագործ հասարակություն ունենալուն: Հաջորդ հաջողությունները կախված են բոլորիցս՝ պետություն, հասարակություն և առավել ևս՝ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ», - նշեց նախարարը:

Համաժողովի հատուկ հյուրը «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն էր՝ դոկտոր Չի-Ֆուն Չանը, որը ներկայացրեց իր դասախոսությունը «Խելացի ամեն ինչի նոր դարաշրջանի հզորացումը՝ սիլիկոնից դեպի ծրագրային ապահովում. փոփոխվող համակարգում վստահության էվոլյուցիա» թեմայով:

Անվանի գիտնականի կարծիքով՝ այս փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու համար երեք առանցքային բառ է կարևոր՝ փոփոխվել, բարգավաճել և վստահել:

«Բարգավաճելու համար ամենակարևորը վստահությունն է: Եթե վստահում ես ճիշտ թիմի, ճիշտ անձանց, ապա կարող ես բարգավաճել փոփոխության միջոցով», - ընդգծեց Չի-Ֆուն Չանը:

Համաժողովի շրջանակներում նաև տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկի մարումը: «Հայփոստը» շրջանառության մեջ է դնում բացիկը 2021 թվականի նոյեմբերի 19-ին:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող «Սիլիկոնային սարեր» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է: «Սիլիկոնային սարեր» առաջին համաժողովը անցկացվել էր 2019 թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

Արամ Սարգսյան

Հայերեն العربية Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում