Քաղաքականություն

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանիընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված են եղել չորս երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի, թեկնածությունները:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել է Գործադիր խորհրդի կազմում։

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ` 1992թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։ ԳԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն ուառաջնահերթություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։

Տեղեկանք.ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը բաղկացած է 58 անդամ երկրներից և իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ կարևորագույն մարմինն է Գլխավոր համաժողովից հետո։ Գործադիր խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ և վերջինիս հիմնական գործառույթն է Գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումների պատշաճ իրականացման ապահովումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում