Հասարակական

Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության  նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, ընդգծելով, որ Ադրբեջանի արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը:

«Ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում: Այդ ժամանակից սկսած տարբեր ժամանակաշրջաններում զբաղված են պարբերական հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, իրական վտանգ են քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, նրանց արարքների պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը և այլն:

ՀՀ զինծառայողները պաշտպանում են ՀՀ բնակչության կյանքն ու առողջությունը ադրբեջանական հանցավոր արարքներից»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ:

«Որոշ տվյալներով հաղորդվում է ՀՀ 6 զինծառայողներ գերեվարելու մասին. սա բացահայտ անօրինական արարք է, քան որ ադրբեջանական զինծառայողների տեղակայումներն ու արարքներն են ի սկզբանե առանց իրավական հիմքերի են (unlawful)»,- հայտնում է Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունն իրենց ի սկզբանե անօրինական, ահաբեկչական արարքներով ՀՀ զինծառայողների կյանքի ու առողջության ցանկացած վնասի համար:

Իրավիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում