Մշակույթ

Իրանը հայ գրողների աչքերով. լույս է տեսել «Իրանի արևը» ժողովածուն

2 րոպեի ընթերցում

Իրանը հայ գրողների աչքերով. լույս է տեսել «Իրանի արևը» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրանի արևը» ժողովածուում, որը «Մենք և աշխարհը» շարքի առաջին գիրքն է, զետեղվել են հայ դասական և ժամանակակից գրողների՝ Իրանի պատմության, մշակույթի և գրականության, հայ և պարսիկ ժողովուրդների պատմական անցյալի և ներկայի մասին գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածներն ու խոհագրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում հնարավոր է ընթերցել Րաֆֆու, Ավետիք Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, Արտակ Վարդանյանի, Հովիկ Վարդումյանի և այլ հեղինակների արձակը, պոեզիան ու գրախոսությունները:

«Իրանի արևը» գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում, միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ հայ-իրանական գրական կապերն ամուր են:

«Մենք պարբերաբար Հայաստան ենք հրավիրում իրանցի գրողների, հետո նրանք են մեզ Իրան հրավիրում: Հայ ժամանակակից գրականությունը շատ է հետաքրքրում իրանցիներին: Նրանք ոչ միայն հրատարակում, այլև վերահրատարակում են մեր հեղինակների ստեղծագործությունները»,-նշեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Հայաստանում էլ Իրանի ժամանակակից դրամատուրգներին են թարգմանում:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ կարևորեց նման գրքերի հրատարակման դերը երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում: «Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի լավ ճանաչենք մեր ժողովուրդների մշակույթը և քաղաքակրթությունը, որն անհրաժեշտ է փոխանցել մատաղ սերնդին»,-շեշտեց դեսպանը:

Նախագծի հեղինակը Էդվարդ Միլիտոնյանն է: Գիրքը հրատարակվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում