Հասարակական

Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը

3 րոպեի ընթերցում

Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 25ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին ընդունել է Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության` դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը:

«Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008 թ-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է և ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն` Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Ցանցը կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու նաև հանրության լայն շերտերի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից:

Նշվում է, որ Արմեն Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել կիսվելու հայաստանյան միգրացիոն փորձառությամբ, գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ և համապատասխանաբար ստանալու նաև տեղեկություններ Ցանցի գործունեության, կառուցվածքի և փորձառության մասին:

«Այս հանդիպումը կարևոր է և՛ մեզ համար` հասկանալու Եվրոպական միգրացիայի ցանցին միանալու առավելությունները, դիտորդի կարգավիճակի առանձնահատկությունները, և՛ ձեզ համար` ծանոթանալու հայաստանյան փորձին, պատկերացում կազմելու մեր միգրացիայի և ապաստանի համակարգի վերաբերյալ»,- ասել է նա:

Եվրոպական միգրացիոն ցանցն անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցային կապեր է ստեղծում ԵՄ անդամ երկրների և Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ այլ երկրների միջև:

Եվրոպական միգրացիայի ցանցի ներկայացուցիչ Ադոլֆո Սոմմարիբասը իր հերթին պատրաստակամություն է հայտնել անմիջական և թափանցիկ համագործակցություն հիմնելու համար:

«Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ որքան սերտ, անմիջական և արագ են գործընկերների միջև շփումները, այնքան արդյունավետ է ստացվում համագործակցությունը: Ուստի, մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերն ու փոխանակվելու փորձով, որպեսզի կայուն աշխատանքային կապեր ստեղծենք»,-ասել է նա:

Հանդիպումը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի ղեկավար Քարել Հոֆթրան ևս կարևորեց դետալային քննարկումը՝ փորձի երկկողմ փոխանակման և անհրաժեշտ փաստերի արձանագրման համատեքստում:

2021 թ-ին Վրաստանն ու Մոլդովան Ցանցին միացել են որպես դիտորդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում