Լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա. Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայկոյի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը, որը երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) վաղեմի ընկերն է, անդրադարձել է Հայկոյի մահվանը՝ «Ինստագրամի» իր պաշտոնական էջում գրելով, որ սիրում են Հայկոյին ու կսիրեն միշտ:

«Ընկերնե՛ր, կյանքից հեռացավ լավ մարդ, տաղանդավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը: Նա ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր երաժշտական գործիքավորումների հեղինակն է, հրաշալի երաժիշտ, կոմպոզիտոր, խարիզմատիկ երգիչ, 2007-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ: Նա կենսասեր, արևոտ, պայծառ մարդ էր, հուսալի ընկեր:

Չեմ կարողանում հավատալ, որ դու այլևս չկաս, և երբեք չեմ կարողանա համակերպվել դրա հետ: Ինչքան բան ենք միասին արել և ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան. դառը րոպեներ և ոգևորող հաղթանակներ: Ամեն բան եղել է քո կյանքում: Իսկ հիմա դու չկաս: Ինչ սարսափելի է: Մեծ կորուստ է հայ մշակույթի համար: Մեծագույն կորուստ է ինձ համար: Հիշատակդ վառ: Այն լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա: Ես միշտ կհիշեմ քո ձայնը և քո ժպիտը: Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Երկնային արքայություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարտիրոսյանը:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ:

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում: 2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ 2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ Ունի մեկ որդի:

Հայերեն

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը