Մշակույթ

Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ

2 րոպեի ընթերցում

Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ ըստ հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն:

Հնակենդանաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ խոշոր եղջերավորի ոսկորները ցուլի ոսկորներ են՝ 1 ազդոսկր և ծնոտի 2 բեկոր: Գտնվել են նաև մարդու ոսկորի ամբողջական բեկորներ:

Գտածոները տեղափոխվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա` ուսումնասիրության, նորոգման, վերականգնման, ինչից հետո դրանք կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանին:

Վերոնշյալ շինարարական աշխատանքներն այսուհետ կիրականացվեն ԿԳՄՍ նախարարության մասնագետների հսկողության ներքո, իսկ հայտնաբերված դամբարաններում անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամբողջական պեղումների աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում