Հասարակական

Ադրբեջանցիների կողմից ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ. ՄԻՊ-ը նոր փաստեր կուղարկի միջազգային կառույցներին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիների կողմից ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ. ՄԻՊ-ը նոր փաստեր կուղարկի միջազգային կառույցներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 30-ին ադրբեջանցիների՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ կատարած դիտավորությունների վերաբերյալ պաշտոնապես հերթական հաղորդումը կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև՝ ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է ՄԻՊ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Օգոստոսի 29-ի առավոտյան, ժամը 11-00ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից:

Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են՝ եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի վիճակը:

Հատուկ եմ նշում, որ այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքներն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են: Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար:

Բնակիչների ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքները կատարվում են դիտավորությամբ. նախ, ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ տեղակայված են քաղաքացիական բնակիչներին պատկանող արոտավայրերի ու խոտհարքների, ինչպես նաև վարելահողերի մեջ և որ մարդիկ չեն կարողանում օգտագործել անգամ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքները, քանի որ այդ վայրերին մարդկանց անգամ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները գիտակցում են, որ ներկայում եղանակային պայմաններն այնպիսին են, որ հրդեհն արագորեն տարածվելու է ու ոչնչացնելու է մարդկանց պատկանող տարածքները, զրկելու են ապրուստի աղբյուրից: Եվ հետո, նրանք գիտակցում են նաև, որ բնակիչները նույնպես տեսնելու են այս հրդեհները և դա ակնհայտորեն անում են քաղաքացիական բնակչությանը վախեցնելու նպատակով:

Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:

Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ»,-նշել է Արման Թաթոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում