Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են համագործակցության դինամիկ ձևաչափ. Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախությանը նվիրված միջոցառմանը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Հարգարժան դոկտո՛ր Սահարսաբուդհե, Ձերդ Գերազանցություն պարո՛ն դեսպան և տիկին Դևալ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ ողջունել Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի պատվիրակությանը Հայաստանում:

Ուրախ եմ նաև Հայաստանի կառավարության անունից հղել մեր ջերմ շնորհավորանքները Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հնդկաստանն իր պետականությամբ և մշակույթով մշտապես կարևորագույն տեղ է զբաղեցրել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Եվ այսօր էլ մենք ականատես ենք լինում Հնդկաստանի հասարակության նշանակալի նվաճումներին, որոնք դրական ներգործությունն են ունենում համընդգրկուն առաջընթացի վրա։

Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Դրանք աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Գոհունակությամբ պետք է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային համագործակցության:

Վերջին տարիներին մեր երկրների միջև տեղի են ունեցել բազմաթիվ շփումներ և մշակութային միջոցառումներ: Արդյունավետ է նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում:

Ցավոք, 2020թ. հունվարից կորոնավիրուսի համավարակի տարածումը, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան թույլ չտվեցին մեզ կյանքի կոչել մեր նախանշած ծրագրերը և փոխադարձ այցելությունները: Սակայն, ակնհայտ է, որ մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք՝ երկկողմ քաղաքական, անվտանգային, ռազմական, տնտեսական, գործարար, մշակութային ու կրթական համագործակցության չօգտագործված ներուժը իրացնելու ուղղությամբ։

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի լիակատար հաղթահարման գործում: Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում: Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները:

Տնտեսական համագործակցության ակտիվացման տեսանկյունից մեծապես կարևորվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում գործարար համաժողովների անցկացումը:

Հեռանկարային է նաև երկու երկրների միջև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական, պաշտպանական, դեղագործության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի և այլ ոլորտներում:

Հայաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում և Հնդկաստանի շահագրգռվածությանը` զարգացնելու Չաբահար նավահանգիստը և այն կապելու այդ նախագծին՝ պատրաստ լինելով ներգրավվել այդ ծրագրի իրագործման աշխատանքներում:

Հայաստանը շնորհակալ է Հնդկաստանի կառավարությանը և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքին և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Մենք արժևորում ենք Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի իրագործումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և այլ ոլորտներում:

Մեր երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա, առաջին հերթին, մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև նվիրվածությունը՝ հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանմանը:

Ինչպես ասել է հնդիկ մեծ մտածող և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդին, ում արձանը տեղադրվել է Երևանում՝ որպես մեր երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը, «հարաբերությունները հիմնված են չորս հետևյալ սկզբունքների վրա` հարգանք, ըմբռնում, ընդունում և երախտագիտություն»: Կարծում եմ, որ մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերություններում այս բոլոր սկզբունքներն առկա են:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, այսօր, հետադարձ հայացք գցելով հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ընթացքին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության դինամիկ ձևաչափ: Մենք հաստատակամ ենք զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու այդ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների»:

Հայերեն العربية English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը