Պաշտոնական

Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։

«Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում։

Փիթըր Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի խնդիրների կարգավորման ուղղությամբ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցները կարևորել են երկու կողմերի միջև ինստիտուցիոնալ հիմունքներով համագործակցության ամրապնդումն ու խորացումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գոյություն ունեցող կապերն ակտիվացնելու և շփումները պարբերական դարձնելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում