Շոու բիզնես

«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակը խոստանում է հաղթանակով վերադառնալ

6 րոպեի ընթերցում

«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակը խոստանում է հաղթանակով վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Վիտեբսկ քաղաքում «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը անցկացվում է հուլիսի 14-19-ը: Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Կառլեն Մարգարյանը։

«Երբ իմացա, որ ինձ են ընտրել, անբացատրելի բան կատարվեց ինձ հետ, հետո անակնկալից ուշքի եկա ու միանգամից զանգահարեցի ծնողներիս՝ այդ լուրը հայտնելու։ Բայց մի քանի ժամ անց, հասկացա, որ մեծ պատասխանատվություն է դրվել իմ ուսերին, որը ես պիտի պատվով հաղթահարեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասում է մրցույթում այս տարվա հայաստանյան պատվիրակը։

Չնայած մրցույթը նրա համար դեբյուտային է, բայց վստահ է, որ հաղթանակով է վերադառնալու հայրենիք: «Իհարկե, անհանգստություն, հուզմունք կա, քանի որ առաջին անգամ եմ մասնակցում մրցույթի ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ինչ է սպասվում, բայց ուսուցիչներս, ինչպես նաև պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը ամենօրյա պարապմունքների ընթացքում այնքան փորձ ու վստահություն են փոխանցում, որ կարծես թե ամենևին էլ առաջին անգամ չեմ մեկնում մրցույթի»,- նշում է Կառլենը:

Նրա խոսքով՝ ծնված օրվանից երգում է, և երգն իր տարերքն է: «Մեկ տարեկանից անտարբեր չեմ եղել երաժշտական գործիքների հանդեպ, իսկ քույրիկներս երգում էին, և ես միշտ իրենց հետաքրքրությամբ ունկնդրում էի։ Արդյունքում, ես էլ ընտրեցի երգարվեստի ճանապարհը, իսկ քույրիկներս զբաղվում են ինձնով, օգնում, որ վստահ քայլեր կատարեմ այս ոլորտում»,-պատմում է պատանի երգիչը:

Մրցութային առաջին օրը Կառլենը կատարել է «Հայաստան», իսկ հաջորդ օրը՝ «It՛s my time» երգերը։ Ընտրված երգերի մասին խոսելիս Կառլենն ընդգծում է, որ «Հայաստան» երգի միջոցով ցանկացել է միջազգային հանրությանը պատմել հայրենիքի ցավի, կորստի մասին: Նա իր կատարմամբ ուզում է ասել, որ մենք ուժեղ ենք ու չենք հանձնվելու:

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցները, վերջին 3-4 տարիներին հայաստանյան նախընտրական փուլի միջոցով են ընտրվել, սակայն, համավարակային պայմաններից ելնելով, այս տարի հայաստանյան պատվիրակի ընտրությունն ընթացել է այլ ձևաչափով։

«Ըստ մեր լիցենզիայի պետք է անպայման նախընտրական փուլի միջոցով ընտրենք մեր երկրի պատվիրակին, բայց վերջին իրադարձությունների ու համավարակային պայմաններից ելնելով, մրցույթի կազմկոմիտեի և Բելառուսի մշակույթի նախարարության հետ եկանք համաձայնության, որպեսզի այս տարի նախընտրական փուլ չիրականացնենք։ Իրենք ինձ վստահեցին՝ ասելով, որ իրենց համաձայն կլինեն այն որոշման հետ, որը մենք կկայացնենք»,- նշում է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը, որը 12-ամյա Կառլենին գտել է Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ղեկավարած «Տրիո» ստուդիայում։

Մրցույթի կազմկոմիտեի և Բելառուսի մշակույթի նախարարության կողմից վստահություն ստանալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավարը գործի է անցել ու տարբեր ստուդիաներում լսել լավագույն սաների։

«Տարբեր ստուդիաներում լսումներ իրականացնելուց հետո ընտրությունը կանգ առավ «Տրիո» ստուդիայի վրա, որտեղ էլ սովորում է Կառլենը, բայց նրա հետ կար ևս մեկ շնորհալի տղա: Ընտրության հարցում տատանվում էինք։ Մեկ այլ ստուդիայից կար աղջիկ, որին նույնպես հավանել էինք։ Լսումներից մեկ շաբաթ անց որոշեցի կենտրոնանալ երկու տղաների վրա, որոնց լսեցի արդեն ակապելլա տարբերակով և, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ընտրեցինք Կառլեն Մարգարյանին»,- պատմում է հայաստանյան պատվիրակության ղեկավարը։

Ըստ Վրեժ Կիրակոսյանի՝ երգերի ընտրության շրջանն էլ հեշտ չի ընթացել, հատկապես հայերեն երգի: «Բավականին երկար քննարկումներից հետո եկանք այն համոզմանը, որ այս պահին «Հայաստան» երգն ամենաճիշտ ընտրությունն է, որով ասելու ենք, որ հայը միշտ կարող է վեր հառնել»,- ասում է մրցույթի հայաստանյան պատվիրակն ու անկեղծանում՝ սկզբում որոշել է այս տարի ընդհանրապես չմասնակցել մրցույթին, հետո մտափոխվել է:

«Մենք ապրելու և մեր ազգին ներկայացնելու ահռելի պատասխանատվություն ունենք։ Ճիշտ է, ճակատագրորեն դատապարտված ենք ցեղասպանությունների, ասպատակությունների, դավաճանությունների, բայց ես հասկացա, որ մենք անելիք ունենք, մենք կանք, ապրելու ենք, որպեսզի ապրեցնենք այն կորուստը, որը երբեք ետ չենք բերի։ Մենք պետք է մասնակցենք ու հաղթանակով վերադառնանք»,- շեշտում է Վրեժ Կիրակոսյանն ու առավել վստահ ընդգծում, որ մրցութային որևէ հորիզոնական Հայաստանի մասնակիցն անպայման կունենա, միայն թե մեզ համար նախընտրելի է առաջին կամ գլխավոր մրցանակը, ինչպես մշտապես վերադառանում են մեր մասնակիցները:

«Վստահ եմ՝ կգանք հաղթանակած մրցանակային տեղով և ևս մեկ անգամ կապացուցենք աշխարհին, որ մենք հզոր ենք մշակույթով»,- եզրափակում է «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում