Հասարակական

Հանքավանը հյուրընկալել է ռազմամարզական ճամբարի մասնակիցներին. ծրագիրը կդառնա պարտադիր բոլոր դպրոցների համար

9 րոպեի ընթերցում

Հանքավանը հյուրընկալել է ռազմամարզական ճամբարի մասնակիցներին. ծրագիրը կդառնա պարտադիր բոլոր դպրոցների համար

ՀԱՆՔԱՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր առջև խնդիր է դրել բարելավելու «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման որակը և շրջանավարտներից ակնկալվող ցուցանիշները: Հենց այդ նպատակով էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով մեկնարկել է ՆԶՊ-ի գործնական բաղադրիչը՝ ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որին մասնակցում է շուրջ 100 աշակերտ Հայաստանի տարբեր դպրոցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 23-ին Հանքավանում տեղի է ունեցել ռազմամարզական ճամբարի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

«Այս ծրագիրը բոլորիս համար առանցքային նշանակություն ունի: Բոլորս գիտակցում ենքայն լուրջ մարտահրավերները, որոնցբախվել էմերը երկիրը: Ծրագիրը լինելու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Ձեր՝ առաջին մասնակիցների դերը չափազանց մեծ է դրա կայացման գործում: Մեզ համար կարևոր են ձեր և զինղեկների կարծիքները,դիտարկումները՝ ծրագիրն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այդպիսով հաջորդող տարիների մասնակիցների համար, նաև ձեր շնորհիվ, այս գործընթացը կանցնի առավել արդյունավետ», - դիմելով ճամբարի մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

«Լուսաբաց» ճամբարը գտնվում է «Հանքավան» հանգստի գոտում՝ Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում: Կառուցվել է խորհրդային տարիներին՝ հեռավոր 1950-ական թթ.-ին:

Մանուկ հասակում, Խորհրդային Հայաստանի հազարավոր դպրոցականների հետ միասին, այստեղ է այցելել ճամբարի ներկայիս տնօրենը՝ զինվորական կոչումով փոխգնդապետ Աշոտ Ավետիսյանը: Ասում է, որ ավագ դասարաններում սովորող պատանիների համար սա շատ հետաքրքիր ու կարևոր փորձ է, քանի որ նրանք, ըստ էության, առաջին անգամ են երկար ժամանակով բաժանվում իրենց ընտանիքից:

«Երեխաներն այստեղ իրար հետ ապրում են, իրար հետ սնվում են, իրար հետ դաս են անում, համայնական ապրելակերպին են սովորում, ընդհանուր ճաշարանին են սովորում: Սրանք կյանքի հմտություններ են, որոնք շատ կարևոր է, որ ձեռք բերեն իրենց հետագա կյանքի, հատկապես բանակի համար», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ճամբարի տնօրենը:

Ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագրի պատասխանատուն Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցն է: Դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը, որը միաժամանակ նաև այս ծրագրի ղեկավարն է, նշեց, որ ռազմամարզական ճամբար կազմակերպելու գաղափարը դեռ երկու տարի առաջ է ծագել, բայց նախորդ տարվա Արցախյան պատերազմը ինչ-որ տեղ արագացրեց պրոցեսները և էլ ավելի առաջնահերթ դարձրեց դպրոցականների ռազմամարզական գիտելիքների խորացման և նրանց զինվորական ծառայության նախապատրաստելու հարցը:

«Սա զինվորական ծառայության նորակոչային շրջանի՝ «կարանտինի» պես մի բան է: Երբ գնան բանակ՝ ծառայությունն իրենց համար ավելի ծանոթ ու ավելի հեշտ կլինի», - «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց ծրագրի ղեկավար Արկադի Պետրոսյանը:

Ռազմամարզական ճամբարին մասնակցում է շուրջ 100 աշակերտ՝ Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ, Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ, Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցներից:

Ուշագրավ է, որ ռազմամարզական ճամբար են եկել ոչ միայն տղաներ, այլև աղջիկներ: 100 աշակերտներից 84-ը տղաներ են, 14-ը աղջիկներ:

Ճամբարի անձնակազմը բաժանվել է զինվորական ստորաբաժանման սկզբունքով: Կազմավորվել է 5 վաշտ, որից 4-ում տղաներ են, իսկ 5-րդում` ճամբարի 14 գեղեցկուհիները:

Բոլոր աղջիկներն էլ Գեղաշենի միջնակարգ դպրոցից են: 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Բադալյանը նրանցից մեկն է: Մեծ ոգևորությամբ է պատմում առաջին մի քանի օրվա ընթացքում ստացած իր տպավորությունների մասին: Ճամբարում ընկերություն է անում հիմնականում իր ընկերուհիների, ինչպես նաև իր դասարանի տղաների հետ:

«Ծրագրի մասին իմացել եմ մեր զինղեկից: Սկզբում երբ եկանք, մի քիչ անսովոր էր, բայց հետո ընտելացանք միջավայրին ու հիմա արդեն կարողանում ենք ճիշտ դասավորել մեր օրը և շատ հետաքրքիր անցկացնել», - պատմում է 10-րդ դասարանի աշակերտուհին:

Դպրոցում բարձր առաջադիմությամբ սովորելուց բացի՝ Մերին նաև վոլեյբոլ է խաղում: Ավելի շատ սիրում է հումանիտար առարկաները, հատկապես՝ Հայոց պատմությունը: Իսկ պատմական հերոսներից՝ Պապ թագավորին: Բայց որ ավելի հետաքրքիր է՝ շատ է հետաքրքրվում զինվորական ծառայությամբ: Նույնիսկ լրջորեն մտածում է հետագայում ռազմական կրթություն ստանալու մասին: Իսկ ինչ վերաբերում է զինվորական կյանքի դժվարություններին՝ Մերին դրանցից չի վախենում:

«Պատերազմը շատ է ազդել ոչ միայն ինձ վրա, այլև՝ բոլորիս: Եվ նույնիսկ եթե մենք զինվորական ծառայության չգնանք՝ ամեն դեպքում պիտի փորձենք մեր գործերով օգնել մեր երկրին: Ռազմական կրթության մասին շատ եմ մտածել, և եթե ստացվի՝ հնարավոր է, որ գնամ հենց այդ ճանապարհով: Կարծում եմ, որ ամեն մի փորձություն էլ հաղթահարելի է, և մենք էլ կարող ենք դա անել, եթե ցանկություն կա», - նշեց մեր զրուցակիցը:

Ճամբարի մասնակիցներից մյուսը՝ 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Մուսինյանը, սովորում է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում: Ինչպես իր հասակակիցներից շատ-շատերը՝ Հայկը նույնպես, իր ապագայի ծրագրերը կառուցելիս, առաջնահերթություն է տալիս ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակին և Հայաստանի անվտանգության խնդիրներին: Ուզում է ծրագրավորող դառնալ և իր մասնագիտությամբ օգնել Հայաստանի պաշտպանության գործին:

«Վերջին պատերազմը ցույց է տալիս, որ ծրագրավորողը նույնքան պետքական է, որքան սովորական զինվորը: Ուզում եմ այնպիսի ծրագիր գրել, այնպիսի մի բան հնարել, որ հայ զինվորի փոխարեն կռվի ռոբոտը: Ուզում եմ այնպիսի մի բան սարքել, որ հայ զինվորի կյանքը կարողանանք խնայել», - ասաց Չարենցավանի ավագ դպրոցի աշակերտը:

Ռազմամարզական ճամբարի առօրյան հարմարեցված է զինվորական առօրյային և կարգուկանոնին: Այն «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) դպրոցական առարկայի գործնական և կիրառական մասն է համարվում:

Վերկացը՝ առավոտյան 7-ին, որից հետո՝ անձնական հիգիենա, նախաճաշ, իսկ հետո՝ ստուգատես շարային հրապարակում: Դրանից հետո սկսվում են գործնական պարապմունքները տարբեր առարկաներից:

Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, գոյատևման հիմունքներ:

Կազմակերպիչները մեծ ուշադրություն են հատկացնում նաև աշակերտներին մատուցվող սննդին: Ճաշարանի խոհարար Էլմիրա Հարությունյանը, որն արդեն 16 տարի աշխատում է «Լուսաբաց» ճամբարում, ասում է, որ երեխաները գոհ են ճաշացանկից:

«Առավոտյան տալիս ենք հաց, պանիր, թեյ, շոկոլադե կարագ և յոգուրտ: Ճաշին տվել եմ կարտոֆիլի պյուրե, տապակած կանաչ լոբի, մածնապուր, ձողիկներով իքիբր, պոմիդոր-վարունգի աղցան, հյութ և միրգ: Ետճաշին՝ ժամը 5-ին, տալիս ենք բուլկի, գաթա, մրգային ռուլետ: Իսկ ընթրիքին՝ գրեչկայով փլավ, նրբերշիկով տոմատ, պանիր, հաց, թեև և աղցան», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց խոհարարը:

12-օրյա ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը հետագայում դառնալու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Սակայն թե ի՞նչ փոփոխություններ ու վերանայումներ կարվեն դրանում ճամբարի տևողության, ընտրվող դասարանների, մասնակից աշակերտների թվի, ուսումնական առարկաների և այլ հարցերի վերաբերյալ՝ պարզ կդառնա ծրագրի ավարտից հետո արված մանրամասն վերլուծությունից: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է անցնել այդ ճանապարհը ճամբարի առաջին մասնակիցների հետ և բարելավել կրթության որակը, որպեսզի դպրոցն ավարտելիսաշակերտներն ունենան պետությանը և հասարակությանը անհրաժեշտ որակներ:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում