Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը հարգում է ժողովրդի որոշումը և ԱԺ անցած ուժերին մաղթում արդյունավետ աշխատանք

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ը հարգում է ժողովրդի որոշումը և ԱԺ անցած ուժերին մաղթում արդյունավետ աշխատանք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է կուսակցության տարածած հաղորդագրությունը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։

Միաժամանակ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ հայտարարում, որ շարունակելու է ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում և վերահաստատում համոզմունքն առ այն, որ մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում