Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը բազմաբովանդակ միջոցառումներով կնշվի Հայաստանում և արտերկրում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը տեղի կունենա հունիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հոբելյանական տարում համերգներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում և մարզերում, այլև Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնությունների մասին մանրամասներ ներկայացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը:

«Սպենդիարյանը մեր հոգևոր-մշակութային պատմության այն երևույթն է, որով եվրոպական քաղաքակրթական արժեքները, եվրոպական երաժշտական ձևերը ներարկվեցին մեր իրականություն, իսկ դա փոխում է ոչ միայն մեր երաժշտական ճաշակը, ընկալումները, այլև՝ մտածողությունը, կենցաղավարությունը: Ինչպես ժամանակին Խաչատուր Աբովյանն էր մեր իրականություն բերում առաջադեմ արժեքները, այնպես էլ Սպենդիարյանն իր ժամանակ նույն աշխատանքն էր անում նույն պատասխանատվությամբ և կարևորությամբ: Բոլորիս պարտքն է հարգանքի տուրք մատուցել Սպենդիարյանին»,- նշեց փոխնախարարն ու հավելեց՝ ամենևին պատահական չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-ի օրացույցում ընդգրկվել է նաև Սպենդիարյանի անունը:

Խոսելով հոբելյանական միջազգային գեղարվեստական ծրագրերի մասին՝ Խզմալյանը տեղեկացրեց, որ համավարակի պատճառով լիարժեք չեն կարող իրականացնել բոլոր նախաձեռնությունները, բայց բացթողումները կլրացնեն 2022-ին:

Մարինե Օթարյանի խոսքով՝ կոմպոզիտորին նվիրված միջոցառումներն իրենք բաժանել են մի քանի մասերի, որոնցից կարևոր են հատկապես գիտաժողովները, գիտական նստաշրջանները: ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ համատեղ տուն-թանգարանը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը հոկտեմբերի 7-8-ը կանցկացնեն գիտական նստաշրջան, որին կմասնակցեն մասնագետներ տարբեր երկրներից:

Նա տեղեկացրեց, որ համավարակի տարածման ընթացքում հավաքագրվել, ցուցակագրվել են Հայաստանում և երկրից դորս բոլոր արխիվների Սպենդիարյանին վերաբերող նյութերը, սքանավորվել, թվայնացվել և ցուցակագրվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի՝ Սպենդիարյանին վերաբերող ամենամեծ ֆոնդը՝ 3 090 միավոր թանգարանային արժեք թղթե հիմքով:

Օթարյանն ասաց, որ ժամանակին Սպենդիարյանի դուստրը՝ Մարինա Սպենդիարովան, շատ մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր արխիվները ու հրապարկել այն, ինչ կարողացել է, իսկ տուն-թանգարանը Յալթայի պատմության և գրականության թանգարանի արխիվն ուսումնասիրելիս ուշադրություն է դարձրել Սպենդիարյանի անձնական իրերին, որոնք շատ հետաքիքր են: «Մեր թանգարանում կոմպոզիտորի անձնական իրերը քիչ են, քանի որ նա չորս տարի է ապրել Հայաստանում, իսկ այնտեղ տեսանք… իրեր, որոնց կրկնօրինակները գուցե հետագայում ձեռք բերենք: Կարևոր է Ալեքսանդր Երկրորդի կողմից Սպենդիարյանի տատին՝ Ելիզավետա Սպենդիարովային տրված փաստաթուղթը, որում ասվում է, որ նա իր ամուսնուց ժառանգում և իր բոլոր սերունդներին է փոխանցում պատվավոր քաղաքացու տիտղոսը»,- պատմեց տուն-թանգարանի տնօրենը:

Հավաքված նյութերը զետեղվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրվելիք բազմածավալ ալբոմում, որում կներառվի նաև սկավառակ: Կընդգրկվեն Սպենդիարյանի սիմֆոնիկ և այլ ժանրի ստեղծագործություններ: Ձայնագրման ու թողարկման աշխատանքները կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Անդրադառնալով համերգային ծրագրերին՝ Օթարյանը հայտնեց, որ դեռ մայիսին կոմպոզիտորին նվիրված համերգով է ներկայացել Սիմֆոնիկ նվագախումբը, իսկ հունիսի 15-ին հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտա Ֆիլհարմոնիկ նվագախուբը: Առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կցուցադրվի Սպեդիարյանին պատկանող Սպենդիարաֆոն երաժշտական գործիքը:

Սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում տեղի կունենա երաժշտական փառատոն, որի շրջանակում կհնչեն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Միջոցառումներ են նախատեսվում նաև արտերկրում: Սեպտեմբերի 25-30-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում և «Հայ-Արտ» կենտրոնում կազմակերպվելու են ցուցահանդես, համերգ և դասախոսություն: Մոսկվայում ՀՀ դեսպանատանը համերգ-դասախոսություն և ցուցահանդես է նախատեսվում, որին մասնակցելու են Խաչատրյան տրիոն և դասախոսությամբ հանդես է գալու Մարինե Օթարյանը: Համերգ-դասախոսություն, ցուցահանդեսներ, սիմֆոնիկ համերգ և այլ միջոցառումներ են կազմակերպվելու Լոնդոնում և Իրանում:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանի համոզմամբ՝ Սպենդիարյանը, լինելով Ռիմսկի-Կորսակովի ամենափայլուն ուսանողներից մեկը, կարողացավ ռուսական մշակույթը համադրել հայկականի հետ և ներկայացնել աշխարհին:

«Ինձ համար շատ կարևոր է Սպենդիարյանի և Թումանյանի կապը: Երբ Սպենդիարյանը մտահղացել է ստեղծել օպերա, առաջնայինը նյութն է եղել: Մարտիրոս Սարյանի միջնորդությամբ Սպենդիարյանն ու Թումանյանը հանդիպել են: Կոմպոզիտորի ուշադրությունը գրավել է «Թմկաբերդի առումը» պոեմը, որն այմուհետև «Ալմաստ» օպերայի հիմքն է դարձել: Օպերան երաժշտական մեծ արժեք է, որով մեր օպերային թատրոնը հաճախ բացում է համերգաշրջանը»,- ընդգծեց Ղազարյանը:

Ասուլիսին հաջորդեց «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Միջոցառման ավարտին Սպենդիարյանի «Գնչուհի» ստեղծագործությունը կոմպոզիտորի հուշասենյակում նրա դաշնամուրով առաջին անգամ կատարեցին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Էլեն Խաչիկյանը և Արթուր Գրիգորյանը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին