Մի քիչ լույս դժվար ժամանակներում. «Լադանիվա» խումբն առաջին անգամ մենահամերգով ներկայացավ Երևանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Լադանիվա» ֆրանսիական խումբը, որը վերջին տարիներին երկրպագուների մեծ բանակ է ձևավորել Հայաստանում, մայիսի 29-ին առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով ընդունեց խմբին՝ առանձնակի ուշադրության արժանացնելով մեր հայրենակցուհուն՝ մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանին, որը բոբիկ էր, անկաշկանդ ու անմիջական:

Առաջին իսկ ելույթից հետո երաժշտասերները ծաղկեփնջերով բեմ էին բարձրանում, գրկում երգչուհուն և սեր խոստովանում նրան: Առիթից օգտվում էին նաև փոքրիկները, որոնց՝ բեմ բարձրանալու համար հերթ էր գոյացել:

Ժակլին Բաղդասարյանը խոստովանեց, որ երջանիկ և հուզված է հայրենիքում ելույթ ունենալու կապակցությամբ, բայց սիրտը ցավում է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Ժակլինը հույս ունի, որ մի օր Հայաստանն առավել ապահով կդառնա, և բոլոր հայերը կվերադառնան հայրենիք, որտեղ կստեղծագործեն, կարարեն և ժպիտ կնվիրեն միմյանց:

Երգչուհու խոսքով՝ «Լադանիվան» համերգով փորձում է մի քիչ լույս, հույս ու դրական տրամադրություն փոխանցել մարդկանց:

«Լադանիվան», որի բոլոր երգերում առկա են հայկական ժողովրդական երաժշտության տարրեր, Երևանում կատարեց «Վայ աման», «Pourquoi t'as fait ça?», «Զեփյուռի նման», «Սարերի հովին մեռնեմ», «Ajde Jano», «Բինգյոլ» և մի շարք այլ ստեղծագործություններ, իսկ «Քեֆ չի լինի» երգը խմբի հետ հոտնկայս կատարեց ամբողջ դահլիճը: Ժակլին Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ներկա լինելու, իրենց աջակցելու, խումբը սիրելու և գնահատելու համար: Երկրպագուների թվում էին նաև Ժակլինի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, որոնց երգչուհին երկար ժամանակ չէր տեսել:

Նա հայտնեց, որ մայիսի 29-ին իր տատիկի ծննդյան օրն է: Երգչուհին խնդրեց, որ տատիկը մոտենա բեմին: Ժակլինը շնորհավորեց նրան, երգ նվիրեց և՛ հոբելյարին, և՛ իր մյուս տատիկին, որը ևս դահլիճում էր:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են:

Երբ Լուին Ժակլինի կատարմամբ լսել է հայկական երգեր, շատ է տպավորվել ու առաջարկել է երգերը ներառել խմբի երգացանկում, իսկ խմբի անունն ընտրելիս Ժակլինն ու Լուին մտածել են, որ «Լադա Նիվա»-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային մի շարք երկրներում սիրված մեքենա է: «Մենք միջազգային երաժշտություն ենք կատարում. երգում ենք հայկական, բալկանյան գործեր, և որոշեցինք խումբն անվանել «Լադանիվա»: Բացի այդ, «Լադանիվան» ճամփորդելու մեքենա է: Մեր երաժշտությունը ևս ճանապարհորդում է ամբողջ աշխարհում»,-ավելի վաղ լրագրողների հետ զրույցում պատմել էր Ժակլինը:

Երգչուհին երեք տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից. 2005 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք. ասես նորից բացահայտի Հայաստանը: «Նախորդ այցերին երկար ժամանակ էի անցկացնում իմ ծննդավայրում՝ Եղեգնաձորում: Երևանում չեմ հասցրել շատ զբոսնել: Երբ շուրջս եմ նայում, մտածում եմ, որ տանն եմ, որ այստեղից եմ ես և ասես ինքս ինձ հետ եմ ծանոթանում»,- անկեղծացել էր Ժակլին Բաղդասարյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել