Պաշտոնական

Արարատ Միրզոյանը Լիտվայի վարչապետի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ առկա իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Լիտվայի վարչապետի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ Լիտվան պատրաստակամ է շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին կարեւորել է Լիտվայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձեւաչափում, թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում, ինչում մեծ դեր ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, որը եվրոպական երկրներից առաջինների թվում վավերացրել է հենց Լիտվան:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին, ռազմագերիների վերադարձի խնդրին, երկու երկրների փոխգործակցությանը նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում