«Նոր Էջ» ծրագրով պատերազմին մասնակցած երիտասարդներն աջակցություն կստանան աշխատանք գտնելու հարցում 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի շրջանակում աջակցություն է տրամադրվում մարտական գործողություններին մասնակցած ու զորացրված 18-30 տարեկան ավելի քան 1000 երիտասարդների: Գնահատվում են նրանց կարիքները, անցկացվում են հմտությունների ձեռք բերման, կարողությունների զարգացման դասընթացներ և տրամադրվում է աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագրին միացել են բազմաթիվ գործատուներ, թրեյներներ, մենթորներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նշեց, որ արդեն իսկ ավարտվել են տվյալների հավաքագրման ու տեղեկատվական բազաների ստեղծման աշխատանքները: Հավաքագրված տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն, քարտեզագրվել է ծրագրի հաջորդ փուլը՝ հիմնվելով զորացրված երիտասարդների, գործատուների, թրեյներների, մենթորների կարիքների բացահայտման և համապատասխանեցման վրա:

«Դասընթացիների ակտիվ կազմակերպման փուլը մեզ մոտ սկսվել է ապրիլին: Ներկայում ունենք 20 ակտիվ դասընթաց, որի շրջանակում 66 երիտասարդ արդեն իսկ անցնում է ուսուցում: Ասեմ, որ 380-ն էլ հերթագրվել է՝ սպասելով դասընթացների մեկնարկին: Միաժամանակ 80 աշխատատեղ է առաջարկվել, 230 երիտասարդ սպասում է դիտարկման գործատուների կողմից»,-ասաց Արփի Կարապետյանը: Այս փուլում դասընթացները տարբեր ուղղություններով են՝ հաճախորդների սպասարկում, հաշվապահություն, գյուղատնտեսություն, լուսանկարչություն, վարսահարդարում և այլն:

«Արինսայթս» (R-Insights) հետազոտական ընկերության տնօրեն Լիլիթ Ղաբանյանի խոսքով, համաձայն հարցման արդյունքների, մասնակիցների 52.8 տոկոսը 21-24 տարեկան երիտասարդներ են, ընդ որում, նրանց մեծամասնությունը բնակվում է Երևանում, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզերում: Միջին ներկայացվածություն կա Արմավիրի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից, առավել քիչ՝ Սյունիքից, Վայոց ձորից և Արցախից:

«Մասնակիցների մեծամասնությունն ունի բարձրագույն կամ թերի բարձագույն կրթություն: Ասեմ, որ կրթության հիմնական ոլորտներն են. ծրագրավորում, տնտեսագիտություն, կառավարում, գյուղատնտեսություն, ճարտարագիտություն և այլն: Նշեմ նաև, որ հարցաթերթը լրացրած զինծառայողներից 405-ը պատերազմի հետևանքով ստացել է վնասվածք կամ խեղում»,- ասաց Լիլի Ղաբանյանը: Հաշվի առնելով տղաների սահմանափակ հնարավորությունները, գործատուները, անհրաժեշտության դեպքում, գնում են գրասենյակներում ենթակառուցվածքների բարելավման:

Ծրագրին միացած գործատուներն առաջիկա 6 ամսվա համար նշել են 884 աշխատանքի հնարավորության մասին: Թափուր աշխատատեղերը տարբեր ուղղություններով են՝ ծրագրավորում, ֆինանսներ, բժշկություն և դեղագործություն, գյուղատնտեսություն, ճարտարագիտություն, մարքեթինգ և դիզայն, հաճախորդների սպասարկում և վաճառք, արհեստավորություն, վարչական և խորը մասնագիտացում չպահանջող այլ աշխատանք:

Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Վարդանյանն այս ընթացքում անմիջապես աշխատել է մարտական գործողություններին մասնակցած երիտասարդրների հետ:

«Այս ընթացքում բավական ակտիվ աշխատանք տարվեց պատերազմին մասնակցած երիտասարդների հետ՝ տվյալների հավաքագրում, կարիքների գնահատում, ուղղորդում: Նշեմ, որ հոգեբանական աշխատանքի կարիքը ևս կա: Այս ծրագրով փորձում ենք ապահովել տղաների զբաղվածությունը և հետինտեգրումը բնականոն կյանքին: Տղաները նոր գիտելիքներ, նոր հմտություններ են ձեռք բերում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար»,- ասաց Հասմիկ Վարդանյանը:

«Ավրորա Բարեալիս» մարքեթինգային և բրենդինգային ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Ազիզյանի խոսքով, ծրագրի նախագծման փուլում դիտարկվում էր գրանցումների համար վերջնաժամկետ սահմանելու հարցը, սակայն ակտիվությունը տեսնելով, որոշում կայացվեց, որ վերջնաժամկետ չսահմանվի:

«Այնպես որ, գրանցումները բաց են, նրանք, որոնք ծրագրին համապատասխանում են, կարող են դիմել: Այսօր էլ դիմողների թիվն ավելանում է: Աշխատում ենք 24 ժամ 7 օր ռեժիմով, փորձում ենք արագ արձագանքել բոլոր հարցերին, ճիշտ ուղղորդել»,- ասաց Արթուր Ազիզյանը:

Ծրագիրն անվճար են շահառուների համար: Մայիսի 12-ի դրությամբ ծրագրին միացել են 1390 մասնակից (մարտական գործողություններին մասնակցած և զորացրված երիտասարդ), 220 գործատու, 180 թրեյներ/մենթոր/վարպետ:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը