Հասարակական

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության  սրբադասված նահատակների հիշատակին

3 րոպեի ընթերցում

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության  սրբադասված նահատակների հիշատակին

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, մարզային եւ քաղաքային ենթակայության կազմակերպությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ ու անհատ քաղաքացիներ Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանուևթյան զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այնուհետև Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ կատարվեց նաև մոմավառություն:

«Դուք գիտեք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կարեւոր որոշում ընդունեց՝ ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիներին սրբերի դասը կարգելով: Դա նշանակում էր, որ այդ թվականից այլեւս նրանք, իբրեւ բարեխոսներ, մեր բոլորի համար Աստծո առջեւ աղոթք են բարձրացնում, որ մենք շեն ու խաղաղ ապրենք: Բազմաթիվ վկայություններ կային, որ շատ հայորդիներ այն ժամանակ կարող էին ուղղակի ուրանալ իրենց հավատքը, ուրանալ իրենց հայրենին եւ փրկվել: Ինչպես որ այն ժամանակ մեր հայորդիները ուրանալով կարող էին փրկվել, այնպես էլ մենք, վերջին Արցախյան պատերազմում կարող էինք ուրանալ մեր հայրենիքը, ուրանալ մեր հավատքը եւ փրկվել՝ խուսափելով հազարավոր զոհերից: Բայց այդ դեպքում մենք պիտի ամոթով ու գլխիկոր ապրեինք այս աշխարհում: Ես հավատացած եմ, ինչպես 100 տարի առաջ մեր հայորդիները իրենց սխրանքներով սրբադասվեցին, այնպես էլ այսօրվա մեր քաջարի հայորդիների սխրանքը արժանի է նման գնահատանքի: Նրանց սխրանքով մենք այսօր, իբրեւ ազգ եւ իբրեւ ժողովուրդ, կարող ենք հպարտ ապրել եւ ասել, որ հայը չուրացավ իր հայրենիքը, չուրացավ իր հավատքը, պատրաստ եղավ նահատակվել իր հայրենիքի եւ իր ազգի համար: Թող Աստված մեզ օրհնի եւ մեր հայրենիքը առաջնորդի դեպի պայծառ ու լուսավոր ապագա»,- բարեխոսության կարգ կատարելուց հետո ներկաներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը:

Խոնարհումի, ծաղկեդրման արարողություններ եւ հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան մարզի մի շարք համայնքներում եւ կրթամշակութային հաստատություններում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում