Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է. Քրիս Բոհջալյանի բացառիկ հարցազրույցը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է տեսնի և ընդունի իր օսմանյան նախնիների ձեռքի արյունը: Այս մասին նշում է ամերիկահայ գրող, բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը` «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա հարցադրում է կատարում՝ արդյո՞ք Թուրքիան կաջակցեր Ադրբեջանին Արցախի դեմ վայրագ հարձակման ժամանակ, եթե աշխարհը նրանց պատասխանատվության ենթարկեր Հայոց ցեղասպանության համար, ու միանշանակ վստահ է՝ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է:

-Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց ո՞րը պետք է լինի առաջադեմ մարդկության հիմնական խնդիրը` այդպիսի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման տեսանկյունից:

-Մենք գիտենք, որ ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է, որը հաջորդ ցեղասպանության առաջին փուլն է: Հայոց ցեղասպանության մասին իմ՝ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի ամենաշատ մեջբերվող տողն է. «Հայերին հրեաներին, կամբոջացիներին, բոսնիացիներին և ռուանդացիներին կապող մի գիծ կա: Ակնհայտորեն ավելին կա, բայց իրականում որքա՞ն ցեղասպանություն կարող է պարունակել մեկ նախադասությունը»: Այնպես որ, ես կարծում եմ, որ կրթությունը վճռորոշ դեր ունի: Մարդիկ պետք է իմանան իրենց պատմությունը, որպեսզի պատմությունը չկրկնվի: Ահա թե ինչու Նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը ապրիլի 24-ին այնքան կարևոր է:

Թուրքիայի հակահայկական ռասիզմը շարունակվեց վերջին 106 տարիներին, քանի որ ոչ ոք վարչախմբին պատասխանատվության չենթարկեց իր 1,5 միլիոն քաղաքացիների ոչնչացման և Ստամբուլից դուրս հայկական մշակույթի վերացման և բնաջնջման փորձի համար: Այնպես որ, կարևոր է նաև ոտքի կանգնել ընդդեմ ռասիզմի բոլոր ձևերի՝ որտեղ էլ այն բարձրացնի իր գարշելի գլուխը: Ահա թե ինչու շարժումները, ինչպիսին է «Սև կյանքերը կարևոր են», նշանակալի են, և մենք պետք է աջակցենք դրանց:

-Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի կողմից իր պատմության հետ առերեսումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ քաղաքականությունն ու ժխտողականությունը, որը մենք տեսանք նաև բոլորովին վերջերս Արցախի դեմ 44-օրյա պատերազմում:

-Թուրքիան պետք է տեսնի և ընդունի իր օսմանյան նախնիների և պապերի ձեռքի արյունը: Ես չեմ ակնկալում, որ դա կլինի իմ կյանքի ընթացքում: Արդյո՞ք նրանք կաջակցեին Ադրբեջանին Արցախի դեմ իրենց վայրագ և առանց դրդապատճառի հարձակման գործում, եթե աշխարհը նրանց պատասխանատվության ենթարկեր Հայոց ցեղասպանության համար: Ես չգիտեմ: Բայց ես գիտեմ, որ ԱՄՆ-ը պետք է ավելին աներ 44-օրյա պատերազմը դադարեցնելու համար: Ամբողջ աշխարհը պետք է ավելին աներ: Փաստն այն է, որ անցած քառորդ դարում աշխարհը պետք է ավելին աներ` Արցախի սահմանները կայունացնելու և Կովկասի այդ անկյունում խաղաղություն ապահովելու համար:

-Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդն արդար հատուցման տեսանկյունից: Արդյո՞ք ճանաչումն ու Թուրքիայի ներողությունը բավարար են պատմական արդարությունը վերականգնելու համար:

-Մենք երբևէ հետ կբերե՞նք Վանը: Արարա՞տը: Շուշի՞ն: Կրկին, հավանաբար, ոչ իմ կյանքի ընթացքում: Արդյո՞ք փոխհատուցումներ կլինեն: Կրկին կասկածում եմ դրանում: Բայց դա չի նշանակում, որ Նախագահ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը կարևոր չէ: Դա կարեւոր է: Այն ազդակ է, որ մարդու իրավունքները և պարկեշտությունը կարևոր են, և պատմությունը չի կարող փոփոխվել: Փաստերը փաստեր են:

Հարցազրույցը՝ Նարինե Նազարյանի

Տեղեկանք. Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք), ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան), ապա տեղափոխվել Լինքոլն բնակության (Վերմոնտ, ԱՄՆ): Հեղինակ է 20 վեպի, ակնարկների ժողովածուի, ամսագրային ու լրագրային բազմաթիվ հոդվածների: Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզվով: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստական պատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: «Այս գիրքը գրելու գլխավոր պատճառը մարդկանց իրազեկելու ցանկությունս էր, որպեսզի ԱՄՆ-ում, Կանադայում` հենց իմ կողքին, մարդիկ իմանան, որ 1,5 մլն հայեր սպանվել են իրենց իսկ կառավարության ձեռքով` 20-րդ դարում` առաջին ցեղասպանության ժամանակ։ Գիրքը գրել եմ նաև, քանի որ ուղիղ կապ կա Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների միջև. այս ցուցակը շատ երկար է։ Գիրքը նաև տուրք է իմ սեփական ընտանիքին։ Ժամանակն էր` պատմել տատիս ու պապիս պատմությունը, որ նրանք երկնքից տեսնեն»,-գրքի մասին ասել է հեղինակը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում