Հասարակական

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիքի մարզ՝ տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը:

Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ դեսպանը քննարկել էր պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը և ներկայացրել այն աշխատանքները, որոնց միջոցով ԱՄՆ-ը շարունակում է աջակցել մարզի զարգացմանը:

Սիսիանում դեսպան Թրեյսին այցելել է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ և հանդիպել «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի շահառուներին (Հացավան համայնքից)։ Ծրագրի շնորհիվ հացավանցիները ձեռք են բերել դրամահավաք անցկացնելու հմտություններ, որոնց օգնությամբ հավաքագրել են միջոցներ և համայնքի մանուկների համար կառուցել խաղահրապարակ։

Մեղրիում Լին Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության գործընկերների հետ: Կենտրոնն աջակցում է Մեղրիի ֆերմերների ավելի քան կեսին՝ նրանց համար հասանելի դարձնելով որակյալ գյուղատնտեսական պարագաներ ու ծառայություններ:

Դեսպան Թրեյսիի հաջորդ կանգառը Հովսեփյանների չրի արտադրամասն է եղել, որտեղ նա շփվել է ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր Հայկուշ Հովսեփյանի և նրա ընտանիքի հետ։ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ Հովսեփյանները զարգացնում են ընտանեկան այգին և արտադրամասը՝ նպաստելով համայնքի եկամտի աճին։ Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է նաև սահմանային անցակետի ղեկավարի հետ և այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի պատմական որմնանկարները վերականգնվել են ԱՄՆ Դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» 500,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի միջոցով:

Կապանում դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ տեսակցել է Սյունքի մարզում բնակվող ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին։ Դեսպանն ու երիտասարդները քննարկել են վերջիններիս այցն ԱՄՆ և տրամադրություններն այս դժվարին տարվա ընթացքում։

Այցի ավարտին դեսպան Թրեյսին մեկնել է Գորիս և հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, համայնքի սոցիալական աշխատողներին և ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին, որոնք աջակցում են այդ ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժած այլ անձանց: Դեսպանը վերահաստատել է հայ ժողովրդին շարունակական օգնություն տրամադրելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը:

Հայերեն العربية Русский

Գյումրիում 27 տեղամասի տվյալներով` առաջատարը ՔՊ-ն է

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը