Մշակույթ

Արա Խզմալյանը հանրային պատասխանատվության բարձրացումը վանդալիզմի դեմ պայքարի միջոց է համարում

2 րոպեի ընթերցում

Արա Խզմալյանը հանրային պատասխանատվության բարձրացումը վանդալիզմի դեմ պայքարի միջոց է համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է՝ վանդալիզմի դեմ պետությունը կարող է պայքարել միայն հանրության աջակցությամբ, ուստի կրթության, տեղեկատվական արշավների միջոցով անհրաժեշտ է բարձրացնել հասարակության պատասխանատվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Արա Խզմալյանն ասաց, որ վանդալիզմը ցավոտ երևույթ է, քանի որ դրա հետևանքով վնասում ենք մեր ժառանգությունը: Դա նաև բարոյական մեծ հարված է հանրությանը: «Երբ մենք պայքարում ենք մեր թշնամու՝ մեր մշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականության դեմ, երկրում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերը հարված են թիկունքից: Ասես մեզ զրկում են մեր արժեքների համար պայքարելու իրավունքից: Ավելի անբորայական արարք այս համատեքստում դժվար է պատկերացնել»,- շեշտեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ մեր պատմամշակութային կոթողների, շարժական և անշարժ հուշարձանների ծավալը մեծ է, և պետական գերատեսչությունն իր մասնագիտական, վերահսկողական ռեսուրսներով չի կարող ապահովել հուշարձանների լիարժեք անվտանգությունը, եթե հանրությունը նրան չաջակցի:

Ըստ Խզմալյանի՝ պետական քաղաքականության առանցքը պետք է լինի հանրային պատասխանատվության ձևավորումը, կրթական համակարգում հուշարձանների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել հուշարձանների անվտանգությունը:

2021-ի մարտի 15-ին «Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը, հետո Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, իսկ ավելի ուշ անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում