Մշակույթ

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». 2021-ին մշակութային ծրագրեր կլինեն ՀՀ մարզերում և Արցախում

2 րոպեի ընթերցում

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». 2021-ին մշակութային ծրագրեր կլինեն ՀՀ մարզերում և Արցախում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանամերձ գոտիներում, Արցախում մշակութային կյանքն ակտիվացնելու, հասարակությանը դրական հույզեր պարգևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-ին կյանքի կկոչի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ իրենց ամենակարևոր առաջնահերթություններից է սահմանամերձ համայնքների, ինչպես նաև Արցախի մշակութային կյանքի ակտիվացումը մշտական միջոցառումների իրականացման միջոցով:

«Ես ունեմ խորքային այն համոզումը, որ առկա հոգեբանական, բարոյահոգեբանական խնդիրների ծավալը չի կարող հաղթահարել միայն հոգեբանական ինստիտուտը: Կարծում եմ՝ այս առումով մշակույթը զանգվածային թերապիայի լավագույն միջոցն է: Մի ներկայացմամբ, համերգով, համատեղ որևէ նախագծով, մշակութային որևէ իրադարձությամբ մենք շատ ավելի մեծ ծավալով ենք լուծում խնդիրներն ու ներշնչում մեր հայրենակիցներին, որ իրենք մենակ չեն, որ վտանգված չեն»,-ասաց Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ 2020-ին իրականացված «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումներն այս տարի կանցկացվեն «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով: «Երբ ասում եմ սահման, հիմնականում նկատի ունեմ Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը: Մեղրիում են հետաքրքիր նախաձեռնություններ նախատեսվում: Նպատակ ունենք առաջիկայում կազմակերպել այց մեր պետական կառույցների, փառատոների ղեկավարների և մեր գործընկերների հետ Արցախի Հանրապետություն և այնտեղ քննարկել տարվա ծրագրերը ժամանակացույցով և բոլոր մյուս բաղադրիչներով: Արցախում նույնիսկ հայտնի մարդկանց պարզապես հրապարակով զբոսնելը կարող է շատ բան հուշել և կարևոր ուղերձ լինել հանրությանը»,-եզրափակեց փոխնախարարը:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում