ՀՅԴ-ն Հայոց ցեղասպանության հարցում ակնկալում է ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցին այս տարի ավելի մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը կփոխի իր դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան:

«Նախկինում ԱՄՆ գործադիր իշխանությունը կասկածի տակ էր առնում Ցեղասպանության փաստը: Ժամանակի ընթացքում փոխվեցին և այլևս կասկածի տակ չեն դնում: Այժմ պարզապես խուսափում են ցեղասպանություն բառն օգտագործելուց: ԱՄՆ նոր նախագահի, նրա վարչակազմի ու Կոնգրեսի երկու պալատների որոշումները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունը կշարունակվի: Կարծում եմ այս տարի հավանականությունն ավելի է, սակայն ներկա զարգացումները կարող են խանգարել»,-մանրամասնեց Մանոյանը՝ նկատելով, որ Հայաստանում որոշ պաշտոնյաների հայտարարությունները Թուրքիայի առնչությամբ կարող են ԱՄՆ գործադիր իշխանության կողմից ընկալվել որպես երկկողմ գործընթաց և գուցե «որոշեն չխանգարել»:

Անդրադառնալով ներկա իրողություններում Հայ դատի հանձնախմբերի անելիքներին ու աշխատանքների ընթացքին, Մանոյանը տեղեկացրեց, որ մասնավորապես Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աշխատում է՝ և Արցախի խնդրով, և Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

«Ներկայում Հայ համայնքի կողմից, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների անդամների նախաձեռնությամբ ԱՄՆ նախագահին դիմումներ են ուղղվել՝ Ցեղասպանության նկատմամբ կեցվածքը փոխելու պահանջով»,-ասաց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պետք է պետական հայեցակարգ լինի, որում հստակ ամրագրված կլինեն Ցեղասպանության ճանաչման նպատակները, պահանջներն ու դրանց հասնելու ճանապարհը:

«Համաշխարհային քաղաքական մտածողության մեջ ձևավորվել է մոտեցում, ըստ որի՝ չի կարելի մարդկության դեմ ոճիր իրագործել և միայն ներողությամբ ավարտել գործընթացը: Պետք է լինեն տարբեր ձևերի ու չափերի հետևանքներ»,-ասաց Մանոյանը՝ նշելով, որ մասնավորապես՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անկեղծ ճանաչումն ու ներողությունը՝ հաջորդող համապատասխան քայլերով, կարող են տարածաշրջանում արդար խաղաղության ու կայուն գործընթացների հիմք հանդիսանալ:

Խոսելով տարածաշրջանային ներկա գործընթացների և զարգացումների համատեքստում՝ Հայաստանի առաջնահերթությունների մասին՝ Մանոյանը կարծիք հայտնեց, որ կենսական նշանակություն ունի երկրի դերակատարության բարձրացումը:

«Այնպես չլինի, որ Հայաստանի հաշվին ուրիշները որոշեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը: Պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կներկայացնի Հայաստանը՝ և հարևան երկրներում, և միջազգային հանրության առջև»,-ասաց Մանոյանը: Բանախոսի կարծիքով՝ ներկա պայմաններում և իշխանությամբ, Հայաստանը տարածաշրջանային դերակատար չէ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ու մադրիդյան սկզբունքներով Արցախյան հիմնախնդրի կարգավորման արդիականությանը՝ բանախոսը նշեց, որ ըստ Թուրքիայի և Ադրբեջանի՝ այդ ձևաչափերն անցյալում են, մինչդեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները մադրիդյան սկզբունքներն անցյալ չեն համարում:

«Հնարավոր է, որ ինչ-որ իմաստով անցյալ են, որովհետև այդ սկզբունքներով նախատեսվող որոշ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, ինչպես նաև՝ ոտնակոխ է եղել առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ խնդրի կարգավորման սկզբունքը: Այդուհանդերձ՝ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան համարում են, որ խնդիրը չի կարգավորվել: Դրա համար անհրաժեշտ են բանակցություններ: Տարբերությունը միայն Ռուսաստանի դիրքորոշման մեջ է, որը համարում է, որ առայժմ պետք չէ բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը»,-նշեց Մանոյանը:

Նրա խոսքով, Արցախի հիմնախնդրի էությունը կարգավիճակի հստակեցումն է: «Սակայն ներկա իրավիճակում առկա են նաև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալու հարցեր և մարդասիրական խնդիրներ, մասնավորապես՝ գերիների վերադարձ, տեղահանվածների իրավունքների վերականգնում»,-ասաց Մանոյանը՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից են, հայտարարում են, որ բանակցությունները չեն ավարտվել: Այս պարագայում պետք է աշխատանքներ տարվեն նաև անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամ երկրների հետ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում