Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում սեպտեմբերին պեղումներ են նախատեսվում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում սեպտեմբերին պեղումներ կիրականացվեն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ծրագրված պեղումներին նախատեսված է, որ հայկական արշավախումբը համագործակցի լեհ մասնագետների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հնավայրի հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ լեհական կողմի մասնագետները մայիսին կայցելեն Հայաստան, կնախապատրաստվեն պեղումներին: «Եթե համավարակով պայմանավորված իրավիճակը բարդանա, և մեր գործընկերները չկարողանան գալ, միայն Հայաստանի մասնագետների հետ սկսելու ենք աշխատանքը»,-շեշտեց նա:

Փիլիպոսյանի խոսքով՝ 2020-ի պեղումներին հետաքրքիր նյութեր են հավաքել: «Միջին բրոնզեդարյան ժամանակների թաղում ենք պեղել: 2021-ին կփորձենք վերականգնել այն ու շարունակել աշխատանքը: Դամբարանի հետքեր կան, և անպայման պետք է ուսումնասիրենք այդ հուշարձանը: Շատ կցանկանայի, որ մեր լեհ գործընկերները կարողանային գալ, որովհետև համատեղ աշխատանքի դեպքում նրանք մեզ աջակցում են հատկապես C 14-ի (Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի (փայտ, փայտածուխ, ոսկոր) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը- հեղ.) վերլուծությունն անելիս, ինչը Հայաստանում իրականացնելը բարդ է, քանի որ գումարի խնդիր կա»,-շեշտեց Փիլիպոսյանը:

Պրոֆեսորը տեղեկացրեց, որ պեղումների արդյունքում հետաքրքիր բրոնզե ֆալերներ (Phalera) են գտել՝ որպես ձիու հանդերձանքի մասեր: «25-30 սմ տրամագծով բրոնզե կլոր նախշազարդ թիթեղներ են, որոնք քիչ են հանդիպում Հայաստանի հնագիտական հուշարձաններում: Գտածոները լաբորատորիաներում վերականգնման փուլ են անցնում և առաջիկայում տեղ կգտնեն թանգարանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:

Անդրադառնալով «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այս տարվա այցելություններին՝ Փիլիպոսյանը փաստեց, որ միայն մարտին այնքան այցելություն է եղել, որքան ամբողջ 2020-ի ընթացքում: Հիմնականում Ռուսաստանից եկած զբոսաշրջիկներ են եղել:

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն Երևանից 35 կմհարավ-արևմուտք է՝ Տարոնիկ գյուղից ոչ հեռու՝ Մեծամոր գետի ափին:

1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968 թվականին: Ներկայումս գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավելի առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում հատուկ զետեղարանն է, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը