Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է ընդհանուր առմամբ 77 քաղաքացիական զոհերի տվյալներ

8 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Այս հարցում համոզված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրակարգային աշխատանքներին ու գերակա անելիքներին:

-Պարոն Ստեփանյան, հետպատերազմյան իրողություններն ինչպիսի փոփոխություններ են մտցրել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղություններում, և որոնք են ներկա առաջնահերթություններն ու հրամայականները:

-Պատերազմից հետո բավականին բարձրացել է մարդու իրավունքների խախտումների ռիսկայնությունը: Մեզ դիմող քաղաքացիների դիմումների մեծամասնությունը վերաբերում է հիմնականում սոցիալական և առողջապահական բնույթի խնդիրներին: Բնականաբար, ունենալով տեղահանված բնակչություն, որոնց խնդիրները բազմաբնույթ են, պետք է կանգնենք յուրաքանչյուր քաղաքացու կողքին և կապող օղակ հանդիսանանք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ թույլ չտալով մարդու իրավունքների խախտումները կամ այդպիսիք արձանագրելու դեպքում՝ նպաստելու խախտված իրավունքների վերականգնմանը: Ներկայումս քաղաքացին այնքան դժվար կացության մեջ է, որ պետական մարմիններից պահանջվում է առավելագույն սրտացավություն, որպեսզի բարձրաձայնված ցանկացած խնդիր լուծվի հօգուտ քաղաքացու: Պետք է ոչ թե արձանագրել, որ խախտվել է այս կամ այն իրավունքը, այլ՝ գտնել լուծումներ, որպեսզի իրավունքն իրացվի ամբողջությամբ: Պետական կառույցների հետ համագործակցությամբ՝ մեր գործունեության ոճը հիմնականում այդ է լինելու:

-Սոցիալական բնույթի խնդիրներից, որոնք կառանձնացնեիք և որքանով է Ձեր միջոցով հաջողվել լուծումներ գտնել:

-Առաջնային է շարունակում մնալ աջակցության այս կամ այն ծրագրի՝ շահառու հանդիսանալու հետ կապված հարցերը: Քանի որ պետական համակարգը, այսպես ասած, պատրաստ չէր նման զարգացումների և քաղաքացիների տվյալների բազային ամբողջությամբ չէր տիրապետում, ապա չէր կարող պատասխանել քաղաքացիների այն հարցերին, որոնք վերաբերում էին այս կամ այն սոցիալական աջակցության ծրագրի շահառու հանդիսանալու հետ: Բացի այդ, քաղաքացիների իրավական գիտակցության ոչ համապատասխան աստիճանը նրանց հնարավորություն չի ընձեռում պրպտել և սեփական ջանքերով փնտրել, գտնել այն հարցերի պատասխանները,որոնք վերաբերում են գործարկվող այդ ծրագրերին: Մեզ դիմելու դեպքում՝ նախ խորհրդատվություն ենք տրամադրում իրավունքների մասին առ այն նրանք աջակցության ծրագրի շահառու են թե ոչ: Եթե առաջացած խնդիրները տեխնիկական են, ապա կապ ենք հաստատում համապատասխան կառույցի հետ ներկայացնում քաղաքացու խնդիրն ու միջամտում,որպեսզի խնդիրը լուծում ստանա:Սոցիալական բնույթի խնդիրներից է նաև զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընտանիքների աջակցության ծրագրերի շահառու հանդիսանալու, փաստաթղթերի ձևակերպման հարցերը: Մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի տվյալների հավաքագրումն ու պատկան կառույցներին ներկայացնելը Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների շրջանակում է: Տվյալների հավաքագրումը շարունակական է և պարբերաբար ներկայացնում ենք Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

-Այս պահի դրությամբ՝ որքան է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը՝ ըստ ձեր ուսումնասիրությունների:

-Պահի դրությամբ՝ թարմացման փուլում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց սպանությունների վերաբերյալ զեկույցը: Առայժմ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ֆիքսվել են 77 քաղաքացիական զոհի տվյալներ:

-Ինչ օրակարգեր են ներկայում գործնական ընթացք ստացել:

-Աշխատելու ենք հիմնականում երկու ուղղությամբ: Առաջինը՝ մշտադիտարկումների ճանապարհով, երկրի ներսում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պատշաճ ապահովելն է, երկրորդը՝ արտաքին ուղղությունն է, որտեղ բավականին լայնածավալ աշխատանք ենք իրականացրել դեռևս պատերազմի օրերին: Մեր իրականացրած փաստահավաք առաքելության շրջանակներում, հրապարակվել են տասնյակից ավելի զեկույցներ՝ադրբեջանական վայրագությունների, երեխաների իրավունքների խախտումների, պատերազմի ժամանակ լրագրողների թիրախավորման և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ: Առաջիկայում պատրաստելու ենք պատերազմի ամբողջ ընթացքում ադրբեջանցիների վայրագությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը: Նախատեսում ենք նաև զեկույց՝ միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտների և անձնակազմի թիրախավորման վերաբերյալ: Մասնավորապես՝ այնպիսի հաստատությունների, ինչպիսիք բժշկական հաստատություններն են, անձնակազմը, շտապօգնության ավտոմեքենաները և այլն: Կարծում եմ կարիք կա նաև թարմացնելու մշակութային ժառանգության վերաբերյալ մեր զեկույցը՝ հատկապես պայմանավորված վերջին ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների ավերման դեպքերով:

-Պարոն Ստեփանյան, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում նրանց զինուժի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների և միջազգային իրավունքով ամրագրված խախտումների Արցախի և ՀՀ ՄԻՊ-երն օպերատիվորեն արձագանքում են դեռևս պատերազմի օրերից: Այդուհանդերձ՝ միջազգային իրավապաշտպան կառույցները նկատելիորեն պասիվ դիրքորոշում են դրսևորում: Ինչպես կմեկնաբանեիք և այդ համատեքստում ինչպիսին է արտաքին ուղղությամբ նախատեսվող աշխատանքի՝Ձեր տեսլականը:

-Մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային կարևորագույն հարցերից է: Մեզ համար ևս տարօրինակ ու անհասկանալի էր պատերազմի ընթացքում միջազգային հանրությանը մեծածավալ աշխատանք ներկայացնելուց հետո պատշաճ արձագանք չստանալը: Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում նույնպես միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ևս թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Պատճառաբանությունները բազմաթիվ են՝ մասնավորապես միջազգային չճանաչվածություն և այլն: Հստակ պետք է ամրագրվի, որ մարդու իրավունքները համամարդկային են և անկախ նրանից այդ տարածքը ճանաչված է թե ոչ՝ միջազգային հանրությունը պարտավորված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները: Մենք նույնպես հիասթափված ենք, մեր կողմից իրականացված աշխատանքի վերաբերյալ միջազգային ոչ պատշաճ արձագանքից: Ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Պետք է շարունակել արտաքին ուղղությամբ պաշտպանել արցախցի մարդու իրավունքները և այդ մասին բարձրաձայնել այնքան ժամանակ, մինչև հասանելի ու հասկանալի դառնա, որ Արցախում ապրող մարդը ևս օժտված է մարդկային իրավունքներով ու ազատություններով:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում