Տնտեսություն

Հայաստանն սկսել է ընդունել զբոսաշրջիկների Իրանից. ինչ են նախընտրում իրանցիները

5 րոպեի ընթերցում

Հայաստանն սկսել է ընդունել զբոսաշրջիկների Իրանից. ինչ են նախընտրում իրանցիները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովրուզին ընդառաջ Հայաստանն սկսել է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին: Թեպետ համավարակով պայմանավորված այս տարի Իրանից եկող այցելուների թիվը մեծ չէ, սակայն կան առաջին խմբերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև իրանական ուղղությամբ աշխատող «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը նշեց, որ արդեն ունեն խմբեր, որոնց հետ աշխատում են:

«Հարցումներ ունենք, հետաքրքրվողներ կան, բայց շատ-շատ քիչ են: Նախորդ տարիների հետ, ընդհանրապես, համեմատելու չէ: Ամեն դեպքում արդեն հյուրեր ունենք: Նովրուզի հետ կապված հիմնականում գալիս են ընտանիքներով»,-ասաց Արամ Բլեյանը:

Իրենց տոնը Հայաստանում նշել ցանկացողների հիմնական մասը նախընտրում է հանգիստն անցկացնել Երևանում: Արամ Բլեյանի խոսքով, քիչ ուղղություններով են նրանք հետաքրքված: Մեկ ու մեջ նախընտրում են գնալ Գառնի, Գեղարդ: Ծաղկաձորում են նաև ձգտում լինել, եթե այնտեղ ձյունառատ է ու կարող են դահուկային սպորտով զբաղվել: Նախորդ տարիների համեմատ այցելում են ավելի քիչ օրով, հիմնականում մնում են 3-5 օր: Արամ Բլեյանը նկատում է, որ Իրանում նույնպես դժվար շրջան է: Թերևս դա իր ազդեցությունն է թողնում քաղաքացիների վրա, ինչն էլ արտահայտվում է զուսպ ծախսերով:

«Մինչ այդ մենք իրազեկման աշխատանք ենք տարել, շահագրգռել ենք, որ գան Հայաստան: Գնացել ենք Թեհրան, մասնակցել ենք ցուցահանդեսների, գովազդել Հայաստանը: Դե մեզ մոտ պատերազմով պայմանավորված կիսասթրեսային վիճակ է, ամեն դեպքում աշխատում ենք»,-ասաց Արամ Բլեյանը: Նրա խոսքով, այս փուլում կա նաև գնային ակնհայտ փոփոխություն, հյուրանոցային ոլորտում գները բավական իջել են: Տուրիստական ընկերությունը նույնպես իջեցրել է ծառայությունների արժեքը, ավիատոմսերի գներում ևս գնային փոփոխություն է նկատվում:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մատչելի գները կարող են իրենց ազդեցությունը թողնել Իրանից զբոսաշրջիկներ Հայաստան բերելու գործում: Նրա խոսքով, իրանական շուկայում պետք է իրականացվի ագրեսիվ մարկետինգային քաղաքականություն, ներկայացվեն գրավիչ փաթեթներ:

«Դրանից բացի, պետք է շատ լավ ընդունենք իրանցի հյուրերին: Սա մեկնարկն է, ու շանս է: Եթե մենք կարողանանք այս փուլում հաջող սկսել, ապա տարվա ընթացքում կկարողանանք ապահովել հյուրերի այց: Եթե գոհ գնում են, ապա դա նշանակում է Հայաստանի մասին դրական արձագանք Իրանում: Պետք է ցույց տանք, որ կորոնավիրուսի հետ կապված անվտանգության միջոցնառումները մեզ մոտ ապահովված են: Եվ այդ աշխատանքը ոչ միայն Իրանի շուկայի համար է, աշխարհում էլ տեսնում են, որ մարդիկ գալիս են: Դա կարող է ազդակ լինել մյուս շուկաների համար»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Իրանցիներին լավ ընդունելու գործում, ըստ Մեխակ Ապրեսյանի, անելիք ունի, թե պետությունը, թե մասնավոր հատվածը: Կառույցները, բոլոր օղակները ժամանակին ու ճիշտ պետք է աշխատեն՝ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելով այս գործին:

«Անհարկի ձգձգումներ, քաշքշուկներ պետք է չլինեն: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ իրանցի զբոսաշրջիկները տեսնեն, թե նրանք այստեղ որքան ընդունված ու սպասված են: Երկարատև կանգից հետո սա շանս է, պետք է այնպես անենք, որ մեզնից գոհ գնան հյուրերը, ցույց տանք, որ արժե գալ Հայաստան»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը:

Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած կորոնավիրուսի համավարակի ստեղծած խոչընդոտներին, այս տարի Նովրուզի տոնակատարությունների շրջանակում, Հայաստանում ակնկալվում է իրանցի զբոսաշրջիկների որոշակի հոսք:

«Մայրաքաղաք Երևանում իրանցի զբոսաշրջիկների տեղորոշման իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, մարտի 20-25-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա գրաֆիկով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոններում զբոսաշրջիկներին անվճար կտրամադրվեն պարսկերեն և անգլերեն քարտեզներ, որտեղ ներկայացված կլինեն մայրաքաղաքի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձանները, թանգարանները, ցուցասրահները, ռեստորանները, խանութ-սրահներ»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Մարտի 21-ին նշվում է Նովրուզը՝ իրանական Նոր տարին: Բառացի թարգմանած նշանակում է նոր օր: Այն համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Պարսկերեն շնորհավորանքները չափազանց հարուստ են, սակայն սովորաբար ասում են «Նովրուզ փիրուզ բադ», նշանակում է շնորհավոր Նովրուզը: Ամեն տարի այդ տոնական օրերին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան:

Աննա Գզիրյան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում