Պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադարձել է նախագահի կողմից ՍԴ դիմելու հարցին և ԳՇ պետի ազատմանը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն արձանագրել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից, և որևէ իրավական գործընթացով այդ հանգամանքը չի կարող փոխվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովակիմյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է ՍԴ»: Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»: ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման մասին հրամանագրի նախագիծը նախագահը ՍԴ չի ուղարկել, ըստ այդմ, համապատասխան հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտել և վերջ»,- գրել է Հովակիմյանը:

Մեկ այլ արձանագրմամբ Վահագն Հովակիմյանը նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը գործում է ողջ ծավալով և օրենքի որևէ դրույթի սահմանադրականության բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել:

«Իհարկե, ՍԴ-ն կարող է կասեցնել բողոքարկվող նորմի գործողությունը, սակայն մինչ այդ օրենքի բողոքարկվող դրույթը շարունակում է գործել ողջ ծավալով, քանի դեռ ՍԴ ուժի մեջ մտած որոշմամբ այն հակասահմանադրական չի ճանաչվել: Ուշագրավ է, որ հատկապես օրենքների նորմերի մասով ՍԴ-ն միջանկյալ՝ նորմի գործողության կասեցման գործիքը սովորաբար չի կիրառում, որպեսզի իրավական վակում չստեղծվի: Օրենքները կարգավորում են այս կամ այն ոլորտի իրավահարաբերությունները և որևէ նորմի գործողության կասեցումը կարող է հանգեցնել իրավական վակումի՝ անդառնալի հետևանքներով»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հանրապետության նախագահի կողմից ՍԴ բողոքարկելուն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշել է, որ նախ նախահագի աշխատակազմի հայտարարությունից պարզ չի դառնում, թե օրենքի որ նորմի սահմանադրականությունն է բողոքարկվել:

«Այս փաստը հայտնի կդառնա, երբ հրապարակվի նախագահի ՍԴ ներկայացրած դիմումը: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ամբողջությամբ է բողոքարկվել, ինչը կարծում եմ իրատեսական չէ, քանի որ նման քայլը անհեթեթ և անմիտ է»,- գրել է Հովակիմյանը:

Վահագն Հովակիմյանը հիշեցրել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում է քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

«Այսինքն, անհեթեթ են բոլոր այն պնդումները, թե նախագահի կողմից ՍԴ դիմելուց հետո այդ օրենքի որևէ նորմ իբր չի կարող կիրառվել: Նման մոտեցումը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հակապետական՝ հաշվի առնելով օրենքի կարգավորման շրջանակը»,- նշել է պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության անդամը հավելել է, որ նախագահի կողմից գործող օրենքի նորմը բողոքարկելու հարցը ևս իրավական բանավեճի առարկա է:

«Սահմանադրության՝ մինչ այժմ կիրառված պրակտիկայի տրամաբանությամբ նախագահը օրենքի միայն նախագծի սահմանադրականությունը կարող է բողոքարկել ՍԴ: Այսինքն, ՍԴ-ն նախ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարող է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ, թե՝ ոչ»,- գրել է Վահագն Հովակիմյանը:

Մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Հայաստանի Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Հայերեն

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք

Երևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով

Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել հրադադարի չհամաձայնելու դեպքում

Երևանում հոսանքազրկումները չեն առնչվում ԲԷՑ-ին պատկանող ենթակառուցվածքներին

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս

Իսրայելական ռմբակոծություններից Գազայում 65 մարդ է զոհվել

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

Բրազիլիայի նախագահը մտադիր է Պուտինին հորդորել Ստամբուլում հանդիպել Զելենսկիի հետ