Հասարակական

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:

Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում