ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը նորովի է մեկնաբանում հայկական ժողովրդական սիրված երգերը, հրապարակել է «Իմ Մուրադին» ստեղծագործության տեսահոլովակը: Այն նկարահանվել է Սևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Սիփան Կորողլյանն է, պրոդյուսերը՝ Սեդրակ Բալյանը, տեսահոլովակում պարում է Սիփան Մուրադյանը:
Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները: Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:
Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում: