Հասարակական

Խնդիրներ տեսնելիս լծվում եմ դրանք եռանդով լուծելուն. Շիրակի նորանշանակ մարզպետ

2 րոպեի ընթերցում

Խնդիրներ տեսնելիս լծվում եմ դրանք եռանդով լուծելուն. Շիրակի նորանշանակ մարզպետ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի նորանշանակ մարզպետին մարզի խնդիրները չեն ընկճում: Հունվարի 21-ից Շիրակի մարզի ղեկավարումը ստանձնած Հովհաննես Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց՝ մարզում առկա խնդիրներից չի հուսահատվում: «Իմ էությամբ այնպիսին եմ, որ եթե տեսնում եմ խնդիրներ, ավելի եմ լծվում ուժով ու եռանդով՝ այդ խնդիրները լուծելու համար»,- նշեց Հովհաննես Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ իրեն այդ հարցում կօգնի իր աշխատակազմն ու թիմը, որն արդեն գրեթե ձևավորված է: Հայտնի են հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձիք: «Այս պահի դրությամբ թափուր մնում է մեկ խորհրդականի պաշտոն, բայց առաջիկայում լրացվելու է»,- նշեց մարզպետը:

Փետրվարի 8-ին մարզպետը աշխատակազմին կներկայացնի նաև նորանշանակ փոխմարզպետին: «Երկուշաբթի փոխմարզպետին կներկայացնեմ աշխատակազմին, և համատեղ աշխատանքով կլծվենք գործի, որպեսզի ժամ առաջ կարողանանք ինչ-որ հարցեր կարգավորել»,- ասաց մարզպետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փետրվարի 4-ին Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Դավիթ Սեխլեյանը։ Շիրակի մարզի Փանիկ համայնքում ծնված Սեխլեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, աշխատել է բանկային համակարգում, այժմ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։ Փոխմարզպետն ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նախորդ մարզպետի՝ Տիգրան Պետրոսյանի օրոք նշանակված մարզպետի մյուս տեղակալը՝ գնդապետ Պողոս Աբրահամյանը, ով կանոնակարգում է աշխարհազորի գործառույթները, կշարունակի պաշտոնավարել:

Մարզային կառույցում այլ փոփոխությունների հարցով մարզպետը վստահեցրեց՝ եթե լինեն, կլինեն հիմնավորված. կարևոր մոտիվացիան երկրի զարգացումն է. «Եթե այդ մոտիվացիան չի լինելու, ուրեմն մեր թիմում նման մարդու լինելը կդրվի հարցականի տակ»:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում