Մշակույթ

Կոնստանտին Իշխանովը սատարեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նախաձեռնությանը

3 րոպեի ընթերցում

Կոնստանտին Իշխանովը սատարեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան տրիոն, որը վերջին տարիներին հաճախակի և ակտիվորեն համերգային շրջագայություններ էր ունենում ամբողջ աշխարհով մեկ, կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել գրեթե մեկամյա դադար վերցնել. 2020-ին, երեք մեծ շրջագայություն` Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում տեղի չունեցան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պահին անսամբլը պատրաստվում է մեծ համերգային շրջագայության, որը տեղի է ունենալու 2021 թվականի մարտին`Ռուսաստանի քաղաքներում։Իսկ փետրվարի 10-ին Խաչատրյան տրիոն մեծ դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։

Սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով տրիոյի հիմնադիր թավջութակահար Կարեն Քոչարյանը չի կարողանալու ներկա լինել ելույթներին, նրան կփոխարինի երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը: Երաժիշտների կարծիքով՝ առաջիկա համերգների ոգևորությունը համեմատելի է առաջին անգամ բեմ բարձրանալու հետ: Եռյակի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյան. «Արդեն տևական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմում։ Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաև փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ և երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին և անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար»:

Կոնստանտին Իշխանովը նշեց, որ ինքը վաղուց ծանոթ է Խաչատրյան տրիոյին և միշտ հետևում է նրանց ելույթներին. «Պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք բավականին հաճախ և հաջող համագործակցել ենք: Խաչատրյան տրիոն ելույթ ունեցավ մեր փառատոններին՝ Մալթայում, Ղազախստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել անսամբլին վերադառնալ լիարժեք համերգային գործունեության: Արժանապատիվ հայ երաժիշտների, ինչպիսիք են Խաչատուրյան տրիոյի անդամները, զարգացումը և հաջող կարիերան ինձ համար շատ կարևոր են, հուսով եմ, որ մեկ անգամ չէ, որ կհանդիպենք մեր նախագծերի շրջանակներում»:

Փետրվարի 10-ին Երևանում, ժամը 19.00-ին, Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունենալիք համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, ինչպես նաև կհնչի Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն, որը կատարվելու է առաջին անգամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում