ՄԱԿ-ը 2 մլն եվրոյի աջակցություն է տրամադրում ԼՂ պատերազմից տուժած քաղաքացիներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական կայքը, այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները`տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար:

Անցած տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած վեց շաբաթյա մարտերն ավարտվեցին նոյեմբերի 9-ին՝ հրադադարի եռակողմ համաձայնագրով, այն բանից հետո, երբ ավելի քան 90,000 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան:

«ՄԱԿ-ը աջակցել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց հակամարտության հենց սկզբից և կշարունակի աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ խոցելի կմնան», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: ՄԱԿ-ը հավատարիմ է աջակցելու և պաշտպանելու իր պարտավորվածությանը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած կանանց, տղամարդկանց, աղջիկներին և տղաներին, ովքեր տուժել են հակամարտությունից:

ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

Ծրագիրը ընդլայնում է հակամարտության հենց սկզբից տրամադրվող աջակցությունը: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել կանանց և երեխաներին, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել նաև 11,500 երեխայի, ովքեր ներկայում սովորում են Հայաստանի նախակրթարաններում և դպրոցներում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը նախորդ շաբաթ՝ Մշտական համակարգողի և ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, և գործընկեր ՀԿ-ների հետ միասին: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն; կրթություն, ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում):

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով

Վրաստան-Ռուսաստան սահմանի «Կազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

«Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրները շուրջ երեք տարի ընդմիջումից հետո առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի