Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն. պարզաբանվել է Տիգրան Աբրահամյանին ձերբակալելու լուրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի»,- նշեցին վարչությունից:
«Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովն ու Զինավոր Մեղրյանը ձերբակալվել են, ինչպես տեղեկացնում են ընդդիմության որոշ ներկայացուցիչներ,ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ անհատապես տեղեկություններ չեն հաղորդում, սակայն պարզաբանեցին. «Քաղաքացիներըբերվում են ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ դեպքում անձը չի ձերբակալվում: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ, և մարդիկ ազատ կարձակվեն»:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները և նրանց միացած ցուցարարները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: