ՀՀ ՄԻՊ-ն ավարտել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագությունների մասին թվով 6-րդ փակ զեկույցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: ՀՀ ՄԻՊ-ն ավարտել է հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով, վերաբերում է 2020 թվականի միայն դեկտեմբերի 2-ից 16-ն ընկած ժամանակահատվածին:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը:
«Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին»,-ասված է հաղորդագրությունում:
Զեկույցը ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ: