ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038049.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհայտ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին և տեղեկացրել, որ այդ ուղղությամբ ծավալվող աշխատանքների ծավալներն ավելացել են: Նաև հայտնել է, որ Արցախում ընթացող որոնողական աշխատանքները համակարգում է ՊՆ ներկայացուցիչը և նշել, որ զինծառայողների հարազատներին կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ: