Կառավարությունը հաստատեց Հայաստանի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը
3 րոպեի ընթերցում
![Կառավարությունը հաստատեց Հայաստանի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037376.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է և դասակարգվում է՝ մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ, թփուտապատ, ջրածածկ, բուսականությունից զուրկ տարածքների:
«Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն: Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և, հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը անհրաժեշտ է բացահայտելու համայնքի, մարզի և հանրապետության մակարդակով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը: Այն թույլ կտա հողերի վերականգնման/դեգրադացիայի առումով պարզել դրական և բացասական միտումները համայնքներում/մարզերում, բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Հաշվի առնելով, որ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է առաջին անգամ և տվյալները հանդիսանում են ելակետային, վերլուծական աշխատանքներ չեն իրականացվել:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ օգտագործելու հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ հաստատված տվյալները՝ հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար:
Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտել համայնքի, մարզի և հանրապետության մակարդակներով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը»,- ասված է հիմնավորման մեջ: