ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը 2020-ի հունվար սեպտեմբերին ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 42 մլրդ 609.9 մլն դրամ (4 մլրդ 218 մլն 525.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 11.4%-ով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, մանրածախ առևտրի ծավալը այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 924 մլրդ 642.2 մլն դրամ, որը 2019-ի նույն ամիսների համապատասխան ցուցանիշին զիջում է 15%-ով, մեծածախ առևտրի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 1 տրլն 49 մլրդ 57.5 մլն դրամ և 7.1%։
Ավտոմեքենաների առևտրի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22.6%-ով՝ մինչև 68 մլրդ 910.2 մլն դրամ. այս ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը: