Հասարակական

Իրադրության կայունացումից հետո կարվի հնարավորը մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում. ՊՆ

2 րոպեի ընթերցում

Իրադրության կայունացումից հետո կարվի հնարավորը մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումներին՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Հաշվի առնելով զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումները՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

Չնայած եռակողմ համաձայնագրի շրջանակում հաստատված հրադադարին, զինված ուժերի ստորաբաժանումները, ողջ անձնակազմով, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտական գործողություններ այլևս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումն իրականացնել համապատասխան ընթացակարգով։

Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում և գիտակցում է բարձրացված խնդրի կարևորությունը։ Հավաստիացնում ենք, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում։

Հավելենք, որ տվյալ պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում եռակողմ համաձայնագրի դրույթներով սահմանված և տարածքային լուծումներ ենթադրող քայլերի իրականացման հետևանքով առաջացած՝ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխելու և նոր տեղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում նաև` անձնակազմի կեցության և ծառայության կազմակերպման համար հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Աշխատանքները կիրականացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում