Հասարակական

Հայաստանի դպրոցներում ըստ կարիքի դասավանդելու հնարավորություն կստանան նաև արցախցի ուսուցիչները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի դպրոցներում ըստ կարիքի դասավանդելու հնարավորություն կստանան նաև արցախցի ուսուցիչները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ուսուցիչները հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում, եթե առաջանա նման անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մենք հավաքագրել ենք և տիրապետում ենք, թե հիմա մոտավորապես քանի արցախցի ուսուցիչ կա Հայաստանում: Նրանք շարունակում են հաշվառվել նախարարության տվյալների բազայում: Եվ այն դպրոցներում, որտեղ կառաջանա ուսուցչի խնդիր, մեր ուսուցիչները ներգրավվելու են և դասավանդելու են Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համապատասխան կաբինետներից: Այսինքն, միասնական և կենտրոնացված ձևով է լինելու Արցախի ուսուցիչների դասավանդումը»,-ասաց Ղարախանյանը:

Նա շեշտեց, որ բոլոր ջանքերը պետք է համատեղել, որպեսզի կրթության ոլորտում նահանջ ու պարտություն չլինի: «Մենք մեր դաշտում կերտում ենք մեր պատմությունը, պետք է թիկունքում ճիշտ և գրագետ ձևով տանենք բոլոր աշխատանքները»,-նշեց Ղարախանյանը:

Նախարարի խոսքով՝ այս ընթացքում շատ հետաքրքիր կրթական նախաձեռնությունների առաջարկներ են ստացել: Առաջիկայում ուսուցիչների վերապատրաստումներ կանցկացվեն: «Կան տարբեր հոգեբանների խմբեր, որոնք տարբեր տեղեր են այցելում և աշխատում են Արցախից եկած երեխաների հետ: Ամեն ինչ այստեղ արվել է, որ երեխաներն իրենց պաշտպանված զգան»,-ասաց Ղարախանյանը:

Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականները և նրանց կրթական կարիքները հաշվառվում են: Արցախցի դպրոցականների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում