ՓԱՐԻԶ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը տպավորված է Օլիմպիական խաղերի կազմակերպվածությունից:
«Մենք Օլիմպիական խաղերին մասնակցում ենք որակյալ թիմով: Սա իմ 8-րդ Օլիմպիական խաղերն են և այս Խաղերն էլ ինձ համար յուրահատուկ են, քանի որ լրանում է աթլետիկայում իմ 50 տարին: Օլիմպիական խաղերը կազմակերպված են բարձր մակարդակով: Մենք շնորհակալ ենք բոլոր ֆրանսիացիներին հիանալի ընդունելության համար: Ֆրանսիայի հետ յուրահատուկ հարաբերությունների մեջ ենք, և Ֆրանսիան մեր թիկունքին է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմմիյանը:
Վերջինիս խոսքով` ամբողջ թիմն արդեն անհամբեր սպասում է օլիմպիական մեդալներ նվաճելուն և դրական արդյունքների:
«Չնայած կլիմայական վատ պայմաններին` բացման հանդիսավոր արարողությունն անցկացվեց բարձր մակարդակով»,-ընդգծեց աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը:
Անդրադառնալով Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ աթլետ Երվանդ Մկրտչյանին՝ Էմմիյանն առանձնացրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի լավագույն աթլետը Երվանդ Մկրտչյանն է, ով արժանապատիվ մասնակցություն կունենա Օլիմպիական խաղերին:
Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:
Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում: