ՌԴ-ն կրկին ընդգծում է ԼՂ հակամարտությանն արտաքին ուժերի միջամտության անթույլատրելիությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հանդուրժողականություն ցուցաբերել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակել է լարված մնալ: Արձանագրվել են փոխադարձ կրակոցներ շփման գծի բոլոր ուղղություններով: Թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտները: Կողմերին կոչ ենք անում ծայրահեղ հանդուրժողականություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»,- նշեց Զախարովան:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել հրադադարի հասնելու, լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Թուրքիան բացահայտ քաղաքական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Բազմաթիվ են վկայություններն ու հրապարակումներն այն մասին, որ Թուրքիայի օգնությամբ Սիրիայից վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կազմում կռվելու համար: Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի վարձկանների տեղափոխման մասին նոյեմբերի 4-ին խոսել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ԼՂ հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է 2 հազարի:

Վկայություններ կան նաև, որ ադրբեջանական բանակի գործողությունները ղեկավարում են թուրք հրամանատարները: Ռազմական գործողություններին թուրքական հատուկջոկատայինների մասնակցության վերաբերյալ վկայություններ ու հրապարակումներ ևս առկա են: Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը լայնորեն կիրառում են թուրքական բանակի սպառազինություն:

Հայերեն العربية English Français Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան