Քաղաքականություն

Պիտեր Օմզիխտը առաջարկել է հետաքննել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

Պիտեր Օմզիխտը առաջարկել է հետաքննել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Պիտեր Օմզիխտը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների համար այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ հարցադրմամբ դիմել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլեկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն ընդգծել է, որ Թուրքիան Սիրիայից ջիհադիստների է տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի, կիրառում է ֆոսֆոր պարունակող զինատեսակներ: «Այսպիսով, ես կցանկանայի հարցնել՝ արդյո՞ք կառավարությունը ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ բռնությունները և մարդու իրավունքների ոտնահարումները չդադարեցնելու դեպքում:

Առաջարկում եմ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ պաշտոնական հետաքննություն սկսել ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ, ինչը միջազգայնորեն, իսկապես, արգելված է»,- ասել է նա:

Պատգամավորը ՄԱԿ-ին հորդորել է ԼՂՀ օդային տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ազգաբնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն:

Նա հավելել է, որ ըստ Genocide Watch-ի Գրեգորի Ստանտոնի՝ Լեռնային Ղարաբաղի պարտության պարագայում ակնկալվում է ցեղասպանություն: «Արդյո՞ք կառավարությունը մտադիր է պաշտոնապես դիմել ՄԱԿ-ին` ցեղասպանության հետաքննություն սկսելու համար: Չնայած, ըստ մեր տեղեկությունների, ցեղասպանություն որպես այդպիսին տակավին չկա, սակայն, սպառնալիքն առկա է: Իրավիճակը պարզապես չափազանց լուրջ է»,- եզրափակել է Օմզիխտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում