Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանը․ՀՀ նախագահը՝ Ստոլտենբերգին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:

«Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու եռյակի երկրների նախագահների ջանքերը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելու համար ներդրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, շարունակվում են ռազմական գործողությունները ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ: Ինչպես նշեցիք, անընդունելի են խաղաղ բնակչության թիրախավորումները»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահն իր խոսքում անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի ու Հայաստանի հարաբերություններին՝ ընդծելով, որ Հայաստանն այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է, որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել