Քաղաքականություն

Մնացականյանը և Բորելը կարևորել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների կյանքի կոչումը

3 րոպեի ընթերցում

Մնացականյանը և Բորելը կարևորել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների կյանքի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով մեծաթիվ տեղահանվածների մասին: Նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:

«ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:

Զոհրաբ Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն:

Զրուցակիցներն ընդգծեցին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում