Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է. ամերիկագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարծիք է հայտնում, որ Պոմպեոն հստակ նշել է՝ Արցախի դեմ պատերազմում ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է:

«Կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը շատ բաց տեքստով մատնանշել է, թե ով է ագրեսորը և ով է առաջինը գործողությունների դիմել: Պոմպեոն շատ հստակ գնահատական է տվել, որ ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Պոմպեոյի հայտարարությանը, թե «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:

Ամերիկագետի կարծիքով` եթե Պոմպեոյի տարբեր հայտարարությունները դիտարկվեն մի տրամաբանական շղթայի ներքո, ապա կարելի է եզրակացության գալ, որ ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ ԼՂ հակամարտությունում Ադրբեջանը ագրեսոր կողմն է և այստեղ ակնհայտորեն կա Թուրքիայի ներգրավումը:

Սարգսյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ն գիտակցում է Ռուսաստանի Դաշնության բացառիկ նշանակությունը, և Վաշինգտոնը հստակ ուղերձներ է տալիս ու աջակցում այն քայլերին, որոնք իրականացնում է Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այն է` կողմերի միջև կրակի դադարի պահման մասին պայմանավորվածության ձեռքբերումը:

«Վաշինգտոնն ամբողջությամբ վստահում է Մոսկվային այս հարցում, իսկ Վաշինգտոնը աջակցում է Մոսկվային, որպեսզի կողմերի միջև հրադադար հաստատվի»,- ասաց Սարգսյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին Մայք Պոմպեոն նշել էր, որ դա չափազանց վիճելի հարց է: Անդրադառնալով այդ գնահատականին՝ ամերիկագետն ընդգծեց՝ չափազանց կարևոր հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարը և, ըստ էության, շեշտել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

«Սա,կարծում եմ, ամենակարևոր արձանագրումն է, որ պետք անենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իրար հետ կապ չունեն»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 15-ին WSB Atlanta-ին տված հարցազրույում հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:

«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն:

Պետքարտուղարը հավելել է, որ այդ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, որի լուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով:

«Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից, և նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»,- ասել է պետքարտուղարը:

Հայերեն Русский

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը