Քաղաքականություն

Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է. ամերիկագետ

4 րոպեի ընթերցում

Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է. ամերիկագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարծիք է հայտնում, որ Պոմպեոն հստակ նշել է՝ Արցախի դեմ պատերազմում ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է:

«Կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը շատ բաց տեքստով մատնանշել է, թե ով է ագրեսորը և ով է առաջինը գործողությունների դիմել: Պոմպեոն շատ հստակ գնահատական է տվել, որ ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Պոմպեոյի հայտարարությանը, թե «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:

Ամերիկագետի կարծիքով` եթե Պոմպեոյի տարբեր հայտարարությունները դիտարկվեն մի տրամաբանական շղթայի ներքո, ապա կարելի է եզրակացության գալ, որ ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ ԼՂ հակամարտությունում Ադրբեջանը ագրեսոր կողմն է և այստեղ ակնհայտորեն կա Թուրքիայի ներգրավումը:

Սարգսյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ն գիտակցում է Ռուսաստանի Դաշնության բացառիկ նշանակությունը, և Վաշինգտոնը հստակ ուղերձներ է տալիս ու աջակցում այն քայլերին, որոնք իրականացնում է Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այն է` կողմերի միջև կրակի դադարի պահման մասին պայմանավորվածության ձեռքբերումը:

«Վաշինգտոնն ամբողջությամբ վստահում է Մոսկվային այս հարցում, իսկ Վաշինգտոնը աջակցում է Մոսկվային, որպեսզի կողմերի միջև հրադադար հաստատվի»,- ասաց Սարգսյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին Մայք Պոմպեոն նշել էր, որ դա չափազանց վիճելի հարց է: Անդրադառնալով այդ գնահատականին՝ ամերիկագետն ընդգծեց՝ չափազանց կարևոր հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարը և, ըստ էության, շեշտել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

«Սա,կարծում եմ, ամենակարևոր արձանագրումն է, որ պետք անենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իրար հետ կապ չունեն»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 15-ին WSB Atlanta-ին տված հարցազրույում հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:

«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն:

Պետքարտուղարը հավելել է, որ այդ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, որի լուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով:

«Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից, և նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»,- ասել է պետքարտուղարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում