Ռուսաստանը հետևողականորեն կիրառում է քաղաքական զսպումների գործիքակազմը

8 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի կողմից զսպումների գործիքակազմի կիրառմանը։

- ՌԴ միջնորդական առաքելությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում գործնականում ի՞նչպես է արտահայտվել:

- ՌԴ-ն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել և գնահատում սկզբնապես ԵԱՀԽ, այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ 1992-1994 թթ., ինչպես նաև 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռքբերվեց բանավոր պայմանավորվածություն դադարեցնելու ռազմական գործողությունները և վերականգնելու հրադադարը՝ համաձայն 1994թ. հրադադարի հաստատման մասին Եռակողմ համաձայնագրի:

- Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ՌԴ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն և որպես առանձին՝ ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետություն դարձյալ հանդես եկավ ակտիվ դերակատարությամբ: Ինչպե՞ս արտահայտվեցին քաղաքական զսպումները:

- Հակամարտության քաղաքական զսպումները ԱՀ-ի համար կենսական նշանակություն ունեն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության թիրախավորման համատեքստում: Այս իմաստով 2020 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ տարածած բոլոր հայտարարությունները և պրակտիկ քայլերն ուղղված են հակամարտության զսպմանը և կողմերին բանակցային սեղան վերադարձնելուն: ՌԴ կողմից գործադրվում են առավելագույն ջանքերը հակամարտությունը խաղաղ կարգավորման փուլ տեղափոխելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այդ ջանքերը փաստացի արգելակվում են Ադրբեջանի սադրիչ գործողությունների, ձեռքբերված պայմանավորվածությունները կոպտորեն խախտելու գործելակերպով: Նման պայմաններում՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությանը հետևած ժամերին հայկական կողմը, չնայած այն հանգամանքին, որ առաջին իսկ պահից հավաստել էր իր հավատարմությունը պայմանավորվածությանը, ՊԲ մակարդակով ստիպված էր հայտարարել, որ կիրառելու է անհամաչափ միջոցներ ինքնապաշտպանության ձևաչափում: Նման պայմաններում ՌԴ-ն շարունակում է կարգավորման իր առաքելությունը, որը դրական շեշտադրումներով արտահայտվեց նաև հոկտեմբերի 12-ին Լավրով-Մնացականյան հանդիպման ընթացքում, որտեղ հիմնական շեշտը դրված էր վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտության վրա՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: Հատկանշական է, որ նշված քայլերին զուգահեռ և նույն դիսկուրսի շրջանակներում ՌԴ-ն աշխատանքներ է տանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, մասնավորապես՝ Զ. Մնացականյանը ՌԴ այցի շրջանակներում հոկտեմբերի 13-ին հերթական անգամ հանդիպում ունեցավ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Գործընթացների համատեքստում պարզ է, որ հրադադարին հետևելու ՌԴ ակնկալիքներն ուղղված են հատկապես Ադրբեջանին, քանի որ հայկական կողմի տրամադրվածությունը և գործելակերպը պայմանավորվածություններին հավատարիմ մնալու ձևաչափում են: Ենթադրվում է, որ առաջիկայում ՌԴ-ն կարող է կիրառել իր քաղաքական զսպման պահուստային լծակները հիմք ընդունելով՝ ՌԴ տարածաշրջանային իրողություններին և հիմնախնդիրներին խորքային տեղեկացվածությունը, հետևաբար նաև մեռյալ կետից իրողությունները տեղաշարժելու կամքը:

- ՌԴ կողմից ստանձնած դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում չի սահմանափակվում միայն դիվանագիտական կորպուսի աշխատանքներով, գործուն դերակատարությամբ հանդես է գալիս նաև պաշտպանության գերատեսչությունը, որքանո՞վ է հասցեական ՌԴ ՊՆ գործելակերպը:

- ՌԴ ՊՆ իր գործառույթների շրջանակներում կարողանում է առավել թիրախային, խիստ և հասցեական շեշտադրումներով արտահայտվել այս գործընթացներում: Այս մակարդակում ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի հոկտեմբերի 12-ին ունեցած հեռախոսազրույցը Թուրքայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ ենթատեքստային էր, քանի որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տարվող Մերձավոր Արևելքի զինյալ ահաբեկչական խմբավորումների թեմայով: Իսկ հոկտեմբերի 13-ին Ս. Շոյգուն հայտարարել էր, որ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և հակամարտող կողմերի անցումը բանակցություններին՝ տարածաշրջանում իրադրության կարգավորման համար: Այս փաստերը հնարավորություն են տալիս կարծիք հայտնելու, որ ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում կարող է անցնել ավելի կոնկրետ քայլերի: Կարծում եմ նաև, որ Ադրբեջանում լավ են հասկանում, որ կարգավորումը ի թիվս այլ հարցերի սկզբունքային հարց է ՌԴ համար: ՌԴ-ն մտահոգություններ ունի նաև սեփական սահմաններին սպառնացող վտանգի հարցում՝ Ադրբեջանի որպես ահաբեկչական պետություն և ահաբեկչությունը ֆինանսավորող պետություն լինելն իրողություն է՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով:

- Հետաքրքիր քննարկումներ, հիմնախնդրին տիրապետելու և տեղեկացվածության բարձր մակարդակ կա նաև ՌԴ փորձագիտական շրջանակներում, ի՞նչպես կգնահատեք:

- ՌԴ փորձագիտական շրջանակները բնականաբար սնվում են նաև դիվանագիտական խողովակներից, հետևաբար կա միասնական տեսակետ՝ որ քաղաքական զսպումներն առավելապես Մոսկվայում են: Այս համատեքստում կարևորում ենք հոկտեմբերի 13-ին Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները փորձագիտական շրջանակների հետ, որը հիմնախնդրի կարգավորման գործընթացներին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օբյեկտիվ պատկերացում ունենալու հնարավորություն են տալիս:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում